Իրազեկվեք հիմնադրամի վերակազմակերպման ընթացակարգի վերաբերյալ

Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադիրների միաձայն որոշմամբ: Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում հիմնադրամի վերակազմակերպումը կարող է կատարվել նաև հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո` 30 օրվա ընթացքում, հիմնադրամը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ` վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:

Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերն իրավունք ունի հիմնադրամից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

Իրազեկման աղբյուրը՝  Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել