Ի՞նչ կենսագրություն ունի Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը

Նախագահ Արմեն Սարգսյանի հուլիսի 20-ի հրամանագրի համաձայն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ է նշանակվել Լիլիթ Թադևոսյանը՝ վեց տարի ժամկետով:

Իրավաբան․net-ը ձեզ է ներկայացնում նրա կենսագրությունը։

Լիլիթ Թադևոսյանը ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում:

1993թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել ու 1998թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտերը:

1998 թվականին ընդունվել և 2001թ. ավարտել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան:

2001թ. ԵՊՀ գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1998թ. մինչև 2012թ. հունիս ամիսը աշխատել է ՀՀ դատախազության համակարգում:

12.1998թ. մինչև 01.1999թ.` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի դատախազության ստաժոր-քննիչ:

01.1999թ. մինչև 04.2001թ.` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազության քննիչ:

04.2001թ. մինչև 11.2004թ.` նույն դատախազության ավագ քննիչ:

11.2004թ. մինչև 05.2006թ.` նույն համայնքների դատախազի օգնական:

05.2006թ. մինչև 11.2007թ.` ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ:

11.2007թ. մինչև 10.2011թ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ:

10.2011թ. մինչև 30.06.2012թ.` նույն վարչության ավագ դատախազ:

Հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազության գիտա-մեթոդական խորհրդի անդամ:

ՀՀ արդարադատության 2-րդ դասի խորհրդական է:

09.2000թ. մինչև 09.2011թ. համատեղության կարգով, որպես դասախոս, աշխատել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ 2010թ. մինչ օրս` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Դասավանդել է նաև «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում:

2006թ. մինչև 2010թ. հանդիսացել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի պետական համալսարանի դոկտորանտ:

2010թ. նույն համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Իրավաբանական գիտությունների թեկնածուի դիպլոմը հավաստագրվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության ոլորտում հսկողության ֆեդերալ ծառայության կողմից, իսկ իրավաբանական գիտությունների դոկտորի դիպլոմը հավաստագրվել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:

Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների (Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, Հունգարիա, Վրաստան) և ստացել համապատասխան հավաստագրեր:

2003թ. անցել է վերապատրաստման դասընթացներ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտման կենտրոնում, իսկ 2005թ.` նույն համալսարանի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի երիտասարդ դասախոսների Պետերբուրգյան Դպրոցում ու ստացել համապատասխան հավաստագրեր:

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի անդամ է, նույն համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ:

Հեղինակ է շուրջ 60 գիտական աշխատությունների` հրապարակված Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում` 5 մենագրության:

2007թ. պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով, 2012թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

2012 թվականի հունիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2016 թվականի սեպտեմբերի 22-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել