ՀՀ Քրեակատարողական Օրենսգրքով կարգավորվում է դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ:
ՀՀ Քրեակատարողական Օրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն՝
- Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ ընտանիքի և արտաքին աշխարհի հետ դատապարտյալի կապն ապահովելու նպատակով: Այդ նպատակով ուղղիչ հիմնարկում ստեղծվում են կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից օգտվելու հնարավոր պայմաններ:
- Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև չորս ժամ տևողությամբ: Համատեղ բնակվելու իրավունքով և միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ: Դատապարտյալի խնդրանքով երկարատև տեսակցությունը կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ: Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն: Նշված սահմանափակումը վերանում է, եթե դատապարտյալը փաստացի կրել է պատժի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատում կիրառելու համար սահմանված ժամկետը: Կարճատև և երկարատև տեսակցություններ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
- Դատապարտյալին թույլատրվում է ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ, առանց սահմանափակման կատարել և ստանալ դրամական փոխանցումներ, ինչպես նաև իր հաշվին վարել նամակագրություն՝ առանց նամակների, հեռագրերի թվի սահմանափակման: Ծանրոցները, հանձնուքները, փաթեթներն ու նամակներն ուղարկելու և ընդունելու, ինչպես նաև դրանք դատապարտյալին հանձնելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
- Կապի միջոցներից, այդ թվում՝ հեռախոսակապից, օգտվելու կարգը և քանակը սահմանվում են ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
- Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով և, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով: Դատապարտյալի բացակայությամբ ստացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:
- Ուղղիչ հիմնարկի վարչակազմն ստեղծում է համապատասխան պայմաններ՝ թերթերից, ամսագրերից և այլ գրականությունից օգտվելու համար:
- Դատապարտյալի լուսանկարահանումը, ինչպես նաև տեսանկարահանումը և հարցազրույցն իրականացվում են նրա համաձայնությամբ` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով: Համաձայնությունը կարող է կրել գրավոր բնույթի:
12.07.2018թ.-ին ՀՀ Ազգային ժողովը ընդունեց «ՀՀ Քրեակատարողական Օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Օրենքը, որի համաձայն ՀՀ Քրեակատարողական Օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ նախադասությունը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ
- Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցություն:
Իրազեկման աղբյուրը՝
- ՀՀ Քրեակատարողական Օրենսգիրք 92-րդ հոդված:
- «ՀՀ Քրեակատարողական Օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ Օրենք հոդված 1: