«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում նոր փոփոխություններ են կատարվել: Փոփոխությունները ընդունվել են փետրվարի 7-ին, սակայն ուժի մեջ կմտնեն միայն օգոստոսի 28-ին:
Նոր փոփոխությունների համաձայն՝ խաղասրահ մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է ստուգվի անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ: Եվ եթե անձի 21 տարին չի լրացել, ապա խաղասրահ նրա մուտքը արգելվում է:
Սահմանվել է նաև, որ մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դրած քաղաքացու գործունակությունը սահմանափակվելու դեպքում վճիռ կայացրած դատարանը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի ուղարկում է լիազոր մարմնին: Իսկ լիազոր մարմինը վճիռն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, վճռի մասին տեղեկացնում է ՀՀ տարածքում գործող բոլոր խաղերի կազմակերպիչներին, որպեսզի նրանք արգելեն տվյալ անձի մուտքն իրենց խաղասրահներ:
Նշված պահանջը խախտելու դեպքում 500 հազար դրամի չափով տուգանք է սահմանվել:
Եվգենյա Համբարձումյան