Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:
Ավարտած նկատելով Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի՝ Բուլղարիայի Հայոց թեմում առաջնորդի պաշտոնավարման շրջանը՝ Հայր Սուրբը ծառայության է կոչվել Ուկրաինայի Հայոց թեմում՝ թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:
Հոգեշնորհ Տ. Զավեն վարդապետ Յազիչյանը, ազատվելով Եգիպտոսի Հայոց թեմում ստանձնած պարտականություններից, հոգևոր սպասավորությունը կշարունակի Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում՝ հոգևոր տեսչի իշխանության ներքո:
Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը, ազատվելով Վեհափառ Հայրապետի գավազանակրի պարտականություններից, մեկնել է ուսումը շարունակելու Իտալիայում:
Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը, ով ավարտել է ուսումնառությունն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հայրապետական տնօրինությամբ նշանակվել է գավազանակիր: