Իրավաբան․net-ը պարբերաբար ներկայացնում է պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Ստորև կարող եք ծանոթանալ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի, փոխվարչապետներ Տիգրան Ավինյանի և Մհեր Գրիգորյանի հայտարարագրած գույքին և եկամուտներին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 11-ին հրամանագրով Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնում։ Նա դեռևս չի ներկայացրել նոր պաշտոնը ստանձնելու դրությամբ գույքի ու եկամուտների հայտարարագիրը: Իսկ ահա պատգամավորի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է․
- երկու բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում,
- Kia Sorento 3.3L մակնիշի ավտոմեքենա,
- 3 միլիոն դրամ խնայողություն,
- 500 հազար դրամ՝ եկամուտ, որը ստացվել է փոխառությունից։
Զարմանալի է, որ եկամուտների մեջ չի հայտարարգրվել պատգամավորի աշխատանքի դիմաց վարձատրությունը: Նշենք, որ Արարատ Միրզոյանը, նախքան փոխվարչապետի պաշտոնը ստանձնելը եղել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր։
2017 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները 2017-ի սկզբին եղել է շուրջ 66 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ շուրջ 300 հազար դրամ, իսկ եկամուտը՝ շուրջ 4,7 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
Նրա կնոջ՝ Գոհար Աբաջյանի 2017 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 250 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 410 հազար դրամ: Եկամուտը կազմել է 5 միլիոն 150 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
Արարատ Միրզոյանի հետ համատեղ բնակվող Գայանե Մկրտչյանը հայտարարագրել է տարեկան եկամուտը՝ շուրջ 645 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
Նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 11-ին հրամանագրով փոխվարչապետ է նշանակվել Տիգրան Ավինյանը։ Նա, մինչև փոխվարչապետի պաշտոն ստանձնելը Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է եղել։
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է՝
- մեկ ավտոտնակ,
- որպես ներդրում 7000 դոլար,
- դրամական միջոցները կազմել են 2475 դոլար և 600 հազար դրամ:
Տիգրան Ավինյանի պաշտոնական պարտականություններն ստանձնելու տարվա՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 14 հազար 620 դոլար։ Գումարը ստացվել է 5 աղբյուրից, որը նշվել է որպես այլ եկամուտներ։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մայիսի 12-ին հրամանագրով էլ Մհեր Գրիգորյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնում։ Մինչ այդ նա զբաղեցրել է Արդշինբանկի վարչության նախագահի պաշտոնը, «Առքա Քրեդիտ Ռեփորթինգ»-ի խորհրդի անդամի պաշտոնը, «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ընկերության խորհրդի նախագահի պաշտոնը։
Մհեր Գրիգորյանը պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է՝
- հողամաս,
- բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում
- 2 ավտոտնակ,
- բաժնեմասնակցություն ընկերությունում՝ 5023 բաժնետոմս,
- դրամական միջոցները կազմել են շուրջ 77 միլիոն դրամ։
Փոխվարչապետի եկամուտները՝ պաշտոնը ստանալու օրվա դրությամբ կազմել է 28 միլիոն 23 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատանքի վարձատվությունից։
Ալիսա Չիլինգարյան