Տրանսպորտային միջոցների հաշվառման ժամանակ անկախ տրանսպորտային միջոցի կամ դրա սեփականատիրոջ հաշվառման վայրից, հաշվառման գործողությունները կատարվում են Ճանապարհային ոստիկանության տարածքային ցանկացած հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից, հայտնում են ոստիկանությունից:
Տրանսպորտային միջոցը հաշվառվում է հաշվառման ստորաբաժանման «զննության կայան-վճարման վայր-սպասարկման սրահ-փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահ» հոսքագծի եղանակով` հետևյալ ընթացակարգով`
1) զննության կայանում`
ա. ստուգվում են տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե դա ներկայացնելը պարտադիր է),
բ. տրանսպորտային միջոցի իրական տվյալները համեմատվում են փաստաթղթային տվյալների հետ
գ. տրանսպորտային միջոցի տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան, ստուգվում է տրանսպորտային միջոցի նույնացման համարի, թափքի և հենասարքի (ամրաշրջանակի) տվյալների առկայությունը հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների և դրանց համարակիր մասերի շտեմարանում,
դ. տպագրվում է տրանսպորտային միջոցի տվյալների մասին արձանագրություն, որում նշվում են վճարման ենթակա տուրքերի և վճարների տեսակներն ու չափերը.
2) վճարման վայրում՝ սեփականատիրոջ կողմից վճարվում են տուրքերն ու վճարները, և վճարման անդորրագրերը՝ մյուս փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սպասարկման սրահի աշխատողին.
3) սպասարկման սրահում`
ա. ստուգվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) և տրանսպորտային միջոցը ձեռք բերող անձի (ներկայացուցչի) ինքնությունը` անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի միջոցով,
բ. հատկացվում են հերթական կամ վճարովի հաշվառման համարանիշեր (բացառությամբ Ֆիզիկական անձանց հաշվառման վայրի կամ կազմակերպության գտնվելու վայրի փոփոխության հետ կապված՝ տրանսպորտային միջոցի վերահաշվառման դեպքում հաշվառման համարանիշերը, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (ներկայացուցչի) ցանկությամբ, կարող են չհանձնվել և հաշվառման ժամանակ չփոխանակվել:),
գ. հաշվառման տվյալները մուտքագրվում են տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարան, և լրացվում է տրանսպորտային միջոցի հաշվառման էլեկտրոնային քարտ,
դ. հաշվառման համարանիշերը տրվում են սեփականատիրոջը (ներկայացուցչին)՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց դեղին հիմնագույնի համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցներ օտարվելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, չեն հանձնվում հաշվառման ստորաբաժանում, իսկ ի պահ հանձնված հիմնական համարանիշերը համարվում են հանձնված,
ե. վերադարձվում են անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը (եթե այն ներկայացվել է) և վճարման անդորրագրերը («ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ Է» բառով դրոշմակնքումից հետո),
զ. փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահին համակարգչով տրվում է հաշվառման վկայագրի տպագրման պատվեր.
4) փաստաթղթերի տպագրման և հատկացման սրահում՝ ստուգվում են ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագրի առկայությունն ու դրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված պահանջներին, դրա տվյալները մուտքագրվում են համակարգչային շտեմարան և`
ա. տպագրվում է հաշվառման վկայագիրը,
բ. սեփականատերը (ներկայացուցիչը) ցանկացած ժամանակ կարող է ստանալ հաշվառման վկայագիրը:
Տրանսպորտային միջոցի հաշվառման գործողությունները զննության կայանից մինչև համարանիշ և հաշվառման վկայագրի ստանալը (եթե չկան այլ պատճառներ կամ խոչընդոտներ) տևում է մինչև 20 րոպե:
Տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում չի ներկայացվում՝
1) եթե առկա է տրանսպորտային միջոցը հաշվառման ստորաբաժանում ներկայացվելու խոչընդոտ (տրանսպորտային միջոցի փոխարեն ներկայացվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի կամ տրանսպորտային միջոցի գտնվելու վայրն սպասարկող հաշվառման ստորաբաժանման կողմից տրված` տրանսպորտային միջոցի տվյալների մասին տեղեկանք).
2) տրանսպորտային միջոցը խոտանելու հետ կապված՝ հաշվառումից հանելու դեպքում.
3) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը կամ հաշվառման (ժամանակավոր հաշվառման կամ փաստացի բնակության) վայրը փոփոխվելու հետ կապված՝ հաշվառման գործողություններ կատարելու, ինչպես նաև կորած հաշվառման վկայագրի կամ կորած հաշվառման համարանիշի փոխարեն նորը ստանալու, հաշվառման համարանիշը կամ հաշվառման վկայագիրը փոխարինելու դեպքերում: