ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով հունիսի 25-ին ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը:
Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 310․1 հոդվածը սահմանում է ապօրինի հարստանալը, որի համաձայն,
- Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները և ողջամտորեն չեն հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:
- Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Իսկ 314․3 հոդվածով սահմանվում է հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, ըստ որի
- Հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը`պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-300 հազար դարմի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
- Նույն արարքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը` պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: