Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հայտարարություն է արել.
《Վաղն առավոտյան համեցեք Մերգելյանի այգի՝ անմիջապես, առանց միջնորդների հենց գյուղացիներից միրգ և բանջարեղեն գնելու》,- նշել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ժամը 11:00-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին:
Տոնավաճառը կազմակերպվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ` սպառողներին ներկայացնելով բացառապես սեփական արտադրանքը:
Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տոնավաճառների մասնակիցներին անվճար տրամադրելու է նաև հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ և սայլակներ:
Տոնավաճառն անցկացվում է 2011 թվականից և գյուղատնտեսական մթերք արտադրողների համար տոնավաճառին մասնակցելու պայմաններն անփոփոխ են:
Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկողություն:
Սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցների կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը կարգավորում է ՀՀ ոստիկանությունը:
Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքներ: