Էականորեն վերանայվելու են կենսաթոշակների սկզբունքները. ավելանալու են երեխայի ծննդյան նպաստները, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող արտոնությունները և օժանդակությունները

Հունիսի 1-ին կառավարությունը հաստատեց կառավարության ծրագիրը, որի դրույթներից մեկը վերաբերում է աղքատության հաղթահարմանը և բնակչությանը սոցիալական աջակցություն ցուցաբերելուն:

Ծրագրում նշվում է, որ արժանապատվության և երջանկության զգացողության մեջ առաջնային նշանակություն ունի սոցիալական ապահովությունը։ Այս առումով կառավարության համար գերակա է լինելու բնակչության կենսամակարդակի էական բարելավումը, զբաղվածության շարունակական աճը, կենսաթոշակների և աշխատավարձերի իրական աճը, բևեռացման մեղմումը, աղքատություն ծնող ռիսկերի դեմ կանխարգելիչ գործունեությունը։

Այս իմաստով կառավարությունը համոզված է, որ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը տնտեսական և ներդրումային դրական սպասումներ է առաջացրել։ Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները մեծ հավանականությամբ վեր են ածվելու ներդրումային հոսքի և կառավարությունը մտադիր է ներդրումները ուղղորդել դեպի մարզեր և քաջալերել առավել մեծ թվով նոր աշխատատեղեր ստեղծելուն միտված ներդրումները. անհրաժեշտ է կատարելագործել գոտիական հարկային քաղաքականությունը։ Կառավարությունն այս իմաստով շարունակում է հանդես գալ սեփականության և ներդրումների անձեռնմխելիության երաշխավորի դերում։

Այս պահին առկա սոցիալական վիճակում, սակայն, պետությունը պետք է հոգ տանի սոցիալապես անապահով և խոցելի խմբերի աջակցության մասին։ Այստեղ կառավարության նպատակը լինելու է սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերվող օգնության հասցեականությունը, արդարացիությունը և արդյունավետությունը, դիտարկվելու է ոլորտային սերտիֆիկատների համակարգի ներդրման նպատակահարմարությունը։ Էականորեն վերանայվելու են կենսաթոշակների սկզբունքները՝ այդ թվում դիտարկելով կենսաթոշակային համակարգի բարեփոխումների նպատակահարմարությունը։

Կառավարությունը ծնելիության խրախուսման և բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության արդյունավետության բարձրացմանն համար իրականացնելու է արագ և արդյունավետ միջոցառումների իրականացում, մասնավորապես ավելանալու են երեխայի ծննդյան նպաստները, բազմազավակ ընտանիքներին տրամադրվող արտոնությունները և օժանդակությունները:

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակության բոլոր ոլորտներում մատչելի պայմանների ստեղծումը, իրավունքների պաշտպանության առարկայական ապահովումը, «Ընտանիքից դուրս» գտնվող երեխաներին հասարակության լիարժեք ինտեգրումը, երեխաների հետագա կյանքի կազմակերպմանն ուղղված քայլերը լինելու են կառավարության առաջնահերթություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել