ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախսերն են`
- փորձաքննության և թարգմանության հետ կապված ծախսերը.
- վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարվելիք գումարները.
- գործին մասնակցող անձանց` գործի քննության վայր ժամանելու, ինչպես նաև նրանց` դատարան ներկայանալու կապակցությամբ ժամանակավոր կացարանով ապահովելու հետ կապված ծախսերը.
- գործի քննության հետ կապված փաստաբանի խելամիտ վարձատրության գումարները.
- ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու հետ կապված ծախսերը.
- գործին մասնակցող անձանց փոստային ծախսերը.
- դատարանի պահանջները և դատական հանձնարարությունները կատարելու հետ կապված գործին մասնակցող անձանց ծախսերը.
- ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 81-րդ հոդվածին համապատասխան` իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը.
- հաշտարարի վարձատրության գումարը.
- դատարանի կողմից գործի քննության համար անհրաժեշտ ճանաչված այլ ծախսերը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: