ՀՀ կառավարությունը մայիսի 17-ին կայանալիք նիստի ժամանակ որոշում կընդունի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված թվով երեք տրանսպորտային միջոցները հետ վերցնել 3 մեքենաները և տրամադրել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
Մեքենաները 2013 թվականի արտադրության են «Nissan Sunny» մակնիշի, գնվել են յուրաքանչյուրը՝ 7 միլիոն 950 հազար դրամով, հաշվեկշռի արժեքն այժմ կազմում է 4 միլիոն 110 հազար դրամ։
Որոշման նախագծի մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1327-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1301-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության (այսուհետ` Գործակալություն) կանոնադրության մեջ և կառուցվածքում:
Մասնավորապես, լուծարվել են Գործակալության տարածքային մարմինները, ինչպես նաև առանձին կառուցվածքային ստորաբաժանումներ:
Հաշվի առնելով լուծարման հանգամանքը, մեծածավալ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը, պետության կողմից հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ ծախսման նպատակով բժշկական ծառայությունների գնման գործընթացում դեպքերի անհատական վարման (case managament) ինստիտուտի ներդրումը` Գործակալությունը համալրվել է բժիշկ-փորձագետներով, ովքեր բժշկական կազմակերպություններում, այդ թվում՝ մարզերում տեղակայված բժշկական կազմակերպություններում, իրականացնելու են մշտադիտարկում, դիտարկում, ուսումնասիրություններ, տեղերում փորձագիտություն:
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև տեղերում պարբերաբար փորձագիտություն իրականացնելու և մարզերում Գործակալության աշխատակիցների բացակայության հանգամանքից` անհրաժեշտ է Գործակալությանն ապահովել տրանսպորտային միջոցներով` Գործակալության բնականոն աշխատանքներն իրականացնելու նպատակով:
Նախագծով նախատեսվում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված թվով երեք տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Հավելենք, որ նախագծի մշակմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալությունը, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցները: