Ֆոտբոլային սկանդալ Հայաստանում. «Շիրակի» մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ արգելել են զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ

Այսօր՝ մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կեմիտեի հերթական նիստը: Նիստի ժամանակ «Շիրակ» թիմի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ արգելել են զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ:

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը տուգանվել է նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության Շիրակ թիմի արդյունքները նվազեցվել են 12 միավորով: Սա պայմանավորված է եղել նրանով, որ ըստ «Բանանց» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի Արարատ Հարությունյանն իրեն առաջարկել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում՝ 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի Բանանց-Շիրակ հանդիպման ժամանակ:

Համաձայն Էդվարդ Կպոդոի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով Շիրակ ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար:

«Բանանց» ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները (screenshot նկարները):

Նույն օրը ՀՖՖ-ի կողմից այդ մասին տեղեկացվել է Շիրակ ՖԱ-ն և առաջարկվել է ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի վերաբերյալ:

Շիրակ ՖԱ-ն 04.05.2018 թ.-ին ՀՖՖ-ին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ իրենց մոտ եղած տեղեկատվության համաձայն՝ Շիրակ ՖԱ-ի աշխատակից Արարատ Հարությունյանը կապ է հաստատել Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի հետ՝ նախկինում կուտակված պարգևավճարների հետ կապված՝ հաշվի առնելով, որ նշված ֆուտբոլիստը 2017 թվականին հանդես է եկել Շիրակ ՖԱ-ի կազմում: Ըստ Շիրակ ՖԱ-ի՝ հավանաբար, հենց այդ խոսակցության ընթացքում Արարատ Հարությունյանը, առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը, քննարկել է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարց: Ի հավելումն վերոնշյալի՝ ակումբը նույն գրությամբ փաստում է, որ ակումբի ոչ մի անդամ տեղյակ չի եղել Արարատ Հարությունյանի
մտադրության մասին և տեղյակ լինելուն պես անպայման կկանխեր այն: Միաժամանակ ակումբը տեղեկացնում է, որ Արարատ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես պատիժ հեռացվել է ակումբից:

Նշված հարցը ներկայացվել է ՀՖՖ փորձագիտական կոմիտեին, որն էլ տվել է եզրակացություն այն մասին, որ՝ «Փորձագիտական կոմիտեն, ուսումնասիրելով Բանանց ՖԱ-ի գրությունը և դրան կից ներկայացված ֆուտբոլիստի (Էդվարդ Կպոդո) համապատասխան հայտարարությունը, ինչպես նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև հեռախոսազրույցի ձայնագրությունն ու դրա սղագրությունը, եկավ այն համոզման, որ Արարատ Հարությունյանն իր գործողություններով կատարել է ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք:

Ինչ վերաբերում է Շիրակ ՖԱ-ի այն պնդմանը, որ ակումբը տեղեկացված չի եղել իր աշխատակից Արարատ Հարությունյանի վերոնշյալ արարքի մասին, ապա փորձագիտական կոմիտեն եկավ այն համոզման, որ գործին կցված հեռախոսազրույցների ձայնագրությունները և սղագրություններն այլն են ապացուցում: Բացի այդ, նման պայմաններում Շիրակ ՖԱ-ն ակնհայտորեն հանդիսանում էր իր աշխատակցի գործողությունների շահառուն և հետևաբար նաև պատասխանատուն»:

Կարգապահական կոմիտեն նիստին հրավիրել էր նաև Արարատ Հարությունյանին, ով թեև չներկայացավ նիստին, սակայն հեռախոսակապով ներկայացրեց իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ, ինչն իր գիտությամբ նաև ձայնագրվում էր:

Վերջինս, մասնավորապես, հայտնեց, որ իր խոսակցությունները ֆուտբոլիստի հետ կապված են եղել ֆուտբոլիստի ապագա հնարավոր տրանսֆերի կազմակերպման և նախկինում նրա հասանելիք պարգևավճարների հետ և որ ինքը որևէ գումար ֆուտբոլիստին խաղի արդյունքների վրա ազդելու համար չի տվել: Արարատ Հարությունյանն ընդհանուր առմամբ փորձեց ներկայացնել իրականությունն այնպես, որ խաղի արդյունքի վրա ազդելու առաջարկը եղել է ֆուտբոլիստի, այլ ոչ իր կողմից, և որին ինքն՝ ըստ էության չի մերժել, փորձել է օգտագործել առիթը, երևի սխալվել է, մեղավոր է:

Կարգապահական կոմիտեի անդամների տարբեր հարցերին, փաստարկներին և ֆուտբոլիստի հետ իր իսկ խոսակցության սղագրության մեջբերումներին Արարատ Հարությունյանը տվեց ընդհանուր առմամբ իրարամերժ, անտրամաբանական, ոչ համոզիչ և փաստական ապացույցներին չհամապատասխանող պատասխաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել