Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով կկազմավորվի

Այսօր՝ ապրիլի 26-ին կառավարության նիստին կքննարկվի ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնա­ժողովի կազմավորման և գործունեո­ւթյան կարգը սահմա­նելու մասին» ՀՀ կառավարու­թյան որոշման նախագծի ընդունման մասին։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախապատրաստվել է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի կիրարկումն ապահովելու նպատակով։

Մասնավորապես, ՀՀ վարչապետի 2018թ. Հունվարի 30-ի 61–Ա որոշմամբ հաստատված «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետի համաձայն՝ «Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը պետք է ներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ:

  1. Սույն կարգով կանոնակագրվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմավորման և գործունեության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։
  2. Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Ոստիկանության եզրակացությունների քննարկումն է, դրանց վերաբերյալ ամփոփ եզրակացություններ կազմելը և դրանք ՀՀ վարչապետին ներկայացնելը:
  3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ:
  4. Հանձնաժողովը կազմված է Հանձնաժողովի ղեկավարից, անդամներից և քարտուղարից։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ սփյուռքի նախարարության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ։
  5. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է ՀՀ վարչապետը։
  6. Հանձնաժողովի կազմում ընդգրկված անձինք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում են հասարակական հիմունքներով:
  7. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
  8. Հանձնաժողովի նիստերի հրավիրման օրվա, վայրի և ժամանակի մասին Հանձնաժողովի քարտուղարը Հանձնաժողովի անդամներին ծանուցում է նիստից առնվազն 3 օր առաջ:
  9. ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների վերաբերյալ Ոստիկանության կազմած եզրակացությունները Հանձնաժողովում ստացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Հանձնաժողովի քարտուղարի կողմից տրամադրվում են Հանձնաժողովի ղեկավարին և անդամներին՝ թղթային կամ էլեկտրոնային եղանակով։ ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների վերաբերյալ Ոստիկանության կազմած եզրակացությունները Հանձնաժողովում քննարկվում են դրանք ստացվելուց հետո առավելագույնը երկամսյա ժամկետում:
  10. Հանձնաժողովի նիստերը հրավիրում և անցկացնում է Հանձնաժողովի ղեկավարը, իսկ նրա բացակայության դեպքում` Հանձնաժողովի ղեկավարի որոշմամբ` նրա անդամներից որևէ մեկը:
  11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան ներկա են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են տվյալ նիստին մասնակցող Հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բաց քվեարկությամբ: Հավասար ձայների դեպքումվճռորոշ է ղեկավարի ձայնը: Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությանը չի մասնակցում:
  12. Հանձնաժողովի նիստի վերաբերյալ Հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է նիստին ներկա գտնվող անդամների և Հանձնաժողովի ղեկավարի կողմից:
  13. Նիստի ընթացքում հանձանաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ Ոստիկանության կազմած եզրակացությունները։ Քննարկումների ընթացքում Հանձնաժողովը կարող է դիմել պետական կառավարման համակարգի մարմիններին անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով։
  14. Քննարկումների արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ, որոնք Հանձնաժողովի ղեկավարի և անդամների կողմից ստորագրվելուց հետո սույն կարգի 12-րդ կետով սահմանված արձանագրության և Ոստիկանության եզրակացությունների հետ միասին մեկամսյա ժամկետում ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել