Շտապ հաղորդագրություն Փաշինյանի գտնվելու վայրի մասին տեղեկության բացակայության վերաբերյալ

«Կոնցեռն Դիալոգ» ՓԲԸ փաստաբանական գրասենյակը հայտարարում է.

«Ապրիլի 22-ին ժամը՝ 11:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցից  ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Մինչև սույն հաղորդագրության հրապարակման պահը՝ 2018 թվականի ապրիլի 23-ը՝ ժամը 10:00-ն, Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամներից կամ գործընկերներից որևէ մեկը հստակ տեղեկատվություն չունի Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին:

ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով»:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 3-րդ մասի. «Մինչև ձերբակալման արձանագրությունը նրան հայտարարելն արգելանքի վերցված անձն իրավունք ունի`

(…)

5) իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին.

(…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 7-րդ հոդվածի համաձայն՝ «Վարույթն իրականացնող մարմինն անմիջական վերադասի գրավոր համաձայնությամբ կարող է հետաձգել սույն հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով սահմանված նվազագույն իրավունքի իրականացումն անձին արգելանքի վերցնելու պահից առավելագույնը 12 ժամով, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որ այդ իրավունքի անհապաղ իրականացումը կարող է խոչընդոտել հանցագործության կանխմանը կամ խափանմանը կամ հանգեցնել ապացույցների ոչնչացման կամ վնասման»:

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված՝ «Բռնությամբ անհետացած բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝

«1. Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման:

  1. Ոչ մի բացառիկ հանգամանք` պատերազմական իրավիճակ կամ պատերազմի սպառնալիք, ներքին քաղաքական անկայունություն կամ այլ հասարակական ճգնաժամային իրավիճակ, չեն կարող արդարացում հանդիսանալ բռնությամբ անհետացման համար»:

Նույն կոնվենցիայի 2-ին հոդվածի համաձայն՝

«Սույն Կոնվենցիայի նպատակների համար բռնությամբ  անհետացում» է համարվում պետության թույլտվությամբ, աջակցությամբ կամ լուռ համաձայնությամբ գործող պետական պաշտոնյաների կամ մի խումբ անձանց կողմից իրականացված ձերբակալումը, կալանավորումը, առևանգումը կամ ազատազրկման ցանկացած այլ տեսակ, որին հետևում է ազատազրկման փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը թաքցնելը, որի արդյունքում անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս»:

Նույն կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն՝

«Յուրաքանչյուր Կողմ պետություն պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ հետաքննելու համար 2-րդ հոդվածում նշված գործողությունները, որոնք կատարվել են անձանց կամ մի խումբ անձանց կողմից` առանց պետության թույլտվության, աջակցության կամ լուռ համաձայնության, և պատասխանատուներին հանձնելու համար արդարադատությանը»:

Վերոնշյալից բխում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից խախտվում է ՀՀ քաղաքացու Սահմանադրությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և միջազգային պայմանագրերով նախատեսված հիմնական իրավունքները, ինչն անհամատեղելի է իրավական պետությանը բնորոշ սկզբունքներին և  արժեքներին:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին՝ Նիկոլ Փաշինյանին հնարավորություն տրամադրել իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին: Միաժամանակ պահանջում ենք պետական մարմիններից պատասխանատվության ենթարկել մարդու և քաղաքացու վերը նշված հիմնական իրավունքների խախտումները թույլ տված պաշտոնատար անձանց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել