Քննարկվել է «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Պետական դեպարտամենտի միջազգային կրոնական ազատության գրասենյակի տնօրեն Դեն Նեդելի գլխավորած պատվիրակությանը և քննարկել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագծի մի շարք կարգավորումներ:
Արթուր Հովհաննիսյանի խոսքով, նախագիծը քննարկվել է շահագրգիռ բոլոր կողմերի հետ, որի արդյունքում ստացվել է առաջադեմ դրույթներով օրենքի նախագիծ: Փոխնախարարը կարևորել է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ այս նախագծի շուրջ համագործակցությունը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ներկայացված առաջարկներն ու ընդգծել, որ նախնական դիրքորոշման արդյունքում նախագիծը լրամշակվել է:
ԱՄՆ Պետական դեպարտամենտի միջազգային կրոնական ազատության գրասենյակի տնօրեն Դեն Նեդելը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարի առաջին տեղակալին հանդիպման համար և բարձր գնահատել Հայաստանում կրոնների և կրոնական կազմակերպությունների նկատմամբ հանդուժողականությունը:
Հանդիպման ավարտին փոխնախարարը պատասխանել է պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին, ինչպես նաև մանրամասն անդրադարձել օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներին:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, այլք: