Ամուսնության պետական գրանցման համար հիմք է համարվում ամուսնացող անձանց համատեղ դիմումը: Համատեղ դիմումի մեջ պետք է հաստատվի ամուսնության փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված` ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքների բացակայության փաստը:
Դիմումին կից ներկայացվում են նաև`
1. Ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը.
2. Եթե անձը նախկինում գտնվել է ամուսնության մեջ, նաև նախորդ ամուսնության դադարման մասին փաստաթուղթը:
Իսկ եթե դիմող անձանցից մեկն արդեն իսկ գտնվում է ամուսնության մեջ: Ամուսնության գրանցման ժամանակ գրանցումն իրականացնող մարմինն իհարկե զգուշացնում է սխալ տեղեկատվություն տրամադրելու համար պատասխանատվության մասին:
«Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը հայտնում է, որ դրա համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ Քրեական օրենսգրքով, որըՔաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու համար նախատեսում է պատիժ՝ տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Աղբյուրը՝ Իրավաբան.net