Մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչին և նրան օժանդակողին

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու առերևույթ հանցագործության դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում ՀԿԳ ավագ քննիչն ու նրան օժանդակող անձը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ ներգրավվել են որպես մեղադրյալներ:

Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Շ. Ն.-ն իր որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու նպատակով Ս. Ա.-ի միջոցով առանձնապես խոշոր չափերով կաշառք է տվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչին: Դրա դիմաց վերջինս, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, նպաստել է զորակոչիկի օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն, ինչի արդյունքում  Շ. Ն.-ի որդին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում:

Քննությամբ պարզվել է նաև, որ մի շարք այլ անձինք նույնպես, իրենց զավակներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ ստանալու նպատակով Ս. Ա.-ի միջոցով կաշառք են տվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչին:

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Իսկ քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար: Դատարանի կողմից կալանքի միջնորդությունները  բավարարվել են:

Վերը նշված առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հանցագործության բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացվի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել