Կարո՞ղ են արդյոք օտարերկրացիները ՀՀ-ում աշխատել

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում սահմանված է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը։

Համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝

  1. 2. Հայաստանի Հանրապետության գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքելու և նրա աշխատանքն օգտագործելու` լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա: Օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվություն տրամադրելիս հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքները և զարգացումները:
  2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի շուկայի կարիքների գնահատման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գործատուի համար սահմանվում է ժամկետ, որի ընթացքում նա պարտավոր է իր մոտ առկա թափուր աշխատատեղը համալրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից: Սահմանված ժամկետում զբաղվածության հանրապետական ծառայությունների կողմից իր պահանջներին համապատասխանող թեկնածուի առաջադրման բացակայության դեպքում գործատուն կարող է գտնել այդ պահանջներին համապատասխանող օտարերկրացու և դիմել լիազորված մարմին` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար կոնկրետ ժամկետով աշխատանքի թույլտվության տրամադրման համար` ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը:

 Այսինքն, գործատուն պետք է դիմի  լիազորված պետական կառավարման մարմին օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով։

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում նախատեսված է նաև աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները: Այսպիսով բարձր որակավորում  ունեցող  օտարերկրացի  մասնագետները,    կարող  են  առանց  թույլտվության գալ աշխատել Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի և այլ երկրների հետ միջազգային պայմանագրերով հաստատված դեպքերում։

Օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն ստանալու հարաբերությունները մանրամասն կարգավորվում են ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներով, որոնք ուժի մեջ մտան 2016թ. հունիսի 4-ին:

 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի

 N 493-Ն  որոշման /«Օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու կարգը և ժամկետները, համապատասխան աշխատանքով օտարերկրացուն չապահովելու դեպքում գործատուի կողմից ծախսերի հատուցման կարգը և չափերը, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետներին առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք տվող մասնագիտությունների ցանկերը սահմանելու մասին» /և N 486-Ն /«Լիազորված պետական կառավարման մարմիններ ճանաչելու մասին» / որոշման գործողությունը, ըստ  կառավարության 2016թվականի օգոստոսի 827-Ն որոշմամբ կասեցվել է մինչև 2019թվականի հունվարի 1-ը։

Մինչև որոշումն ուժի մեջ մտնելը օտարերկրացի աշխատողի համար գործատուներին տրված աշխատանքի թույլտվությունները կշարունակեն գործել  ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումների գործողության կասեցման ընթացքում և վերականգնումից հետո, բայց ոչ ավել, քան աշխատանքի թույլտվության մեջ նշված ժամկետով:

Սա նշանակում է, որ մինչ այդ օտարերկրացիները ՀՀ-ում աշխատանքային հարաբերություններում կարող են գտնվել առանց իրավասու մարմնից թույլտվության:  Այն օտարերկրացիները, որոնց համար մինչև որոշումն ուժի մեջ մտնելը գործատուների կողմից օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվել են աշխատանքի թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումներ, կարող են աշխատել ՀՀ-ում առանց աշխատանքի թույլտվության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել