«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նոր նախագիծ է տեղադրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
Փոփոխության համաձայն՝ դուստր և կախյալ ընկերություններն իրավունք չունեն գնելու հիմնական ընկերության թողարկած բաժնետոմսերը:
Բաժնետերերի ընդհանուր ժողովում արտոնյալ բաժնետոմսերի դասերով նախատեսված իրավունքների սահմանափակմանը վերաբերող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել այդ բաժնետոմսերի սեփականատերերը կամ անվանատերերը։ Ընդ որում, իրավունքների սահմանափակման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ այդ որոշմանը կողմ են քվեարկել համապատասխան դասի արտոնյալ բաժնետոմսերի 3/4-ի սեփականատերերը կամ անվանատերերը, եթե Ընկերության կանոնադրությամբ սեփականատերերի կամ անվանատերերի առավել մեծ թիվ սահմանված չէ։
Այս օրենքի դրույթով իրավունքների սահմանափակում են համարվում արտոնյալ բաժնետոմսերի շահաբաժինների նվազեցումը և հաշվարկման, վճարման կարգի փոփոխությունները:»:
Բաժնետիրական համաձայնագիրը բաժնետոմսերով հավաստվող իրավունքների իրականացման և (կամ) բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների իրականացման առանձնահատկությունների մասին պայմանագիր է:
Բաժնետիրական համաձայնագրով կողմերը պարտավորվում են որոշակի ձևով իրականացնել բաժնետոմսերով հավաստվող իրավունքները և(կամ) բաժնետոմսերի նկատմամբ իրավունքները կամ ձեռնպահ մնալ այդ իրավունքների իրականացումից: Բաժնետիրական համաձայնագրով կարող է նախատեսվել բաժնետերերի ընդհանուր ժողովում պայմանագրով սահմանված ձևով քվեարկելու, քվեարկության կարգը կամ քվեարկությունը այլ անձանց հետ համաձայնեցնելու, այլ անձանց ցուցումներով քվեարկելու, բաժնետոմսերը նախապես սահմանված գնով և (կամ) պայմանագրով սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ձեռք բերելու և(կամ) օտարելու, մինչև պայմանագրով հանգամանքների ի հայտ գալը բաժնետոմսերի օտարումից ձեռնպահ մնալու, ինչպես նաև բաժնետիրական
Ընկերության կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման հետ կապված այլ համաձայնեցված գործողություններ իրականացնելու պարտավորությունը:
Բաժնետիրական համաձայնագիրը կնքվում է գրավոր: Բաժնետիրական համաձայնագրի կողմ կարող են լինել Ընկերությունը, բաժնետերերը, ինչպես նաև այն անձինք, որոնք բաժանորդագրվում են ընկերության բաժնետոմսերին։
Բաժնետիրական համաձայնագրի առարկա չի կարող լինել ընկերության խորհրդի կամ գործադիր մարմնի ցուցումների համաձայն բաժնետիրական համաձայնագրի կողմերի քվեարկելու պարտավորությունը:
Բաժնետիրական համաձայնագիրը պարտադիր է միայն համաձայնագրի կողմերի համար: Բաժնետիրական համաձայնագրի խախտմամբ կնքված գործարքը կարող է շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա դատարանի կողմից ճանաչվել անվավեր միայն այն դեպքում, երբ ապացուցվի, որ գործարքի մյուս կողմը գիտեր կամ պետք է իմանար բաժնետիրական համաձայնագրով նախատեսված սահմանափակումների մասին:
Բաժնետիրական համաձայնագրի խախտումը կարող է հիմք հանդիսանալ ընկերության կառավարման մարմինների որոշումներն անվավեր ճանաչելու համար, եթե ապացուցվում է, որ Ընկերության կառավարման մարմինների որոշումներն ընդունվել են ֆիդուցիար պարտավորությունների խախտմամբ:
Համաձայնագրով կարող է նախատեսվել դրանից բխող պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև դրանով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ:
Բաց ընկերություններում խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդը պետք է լինի անկախ։ Եթե մեկ երրորդը բնական թիվ չէ, ապա խորհրդի անկախ անդամների թիվ է համարվում է մեկ երրորդին առավել մոտ ամբողջ թիվը:
Խորհրդի անկախ անդամ կարող է ընտրվել այն անձը, ով՝
ա) վերջին երեք տարվա ընթացքում ընկերությունում գործադիր ղեկավար պաշտոն չի զբաղեցրել, չի աշխատել ընկերությունում կամ դրա հետ փոխկապակցված այլ անձում,
բ) վերջին երեք տարվա ընթացքում ընկերությունից կամ ընկերության հետ փոխկապակցված անձից (անձանցից) ուղղակիորեն կամ անուղղակիորեն չի ստացել որևէ վարձատրություն, բացառությամբ որպես խորհրդի անդամ ստացած վարձատրությունը,
գ) վերջին երեք տարվա ընթացքում ինչպես ուղղակիորեն, այնպես էլ որպես գործընկեր, նշանակալից բաժնետեր, խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ (ներկայացուցիչ) չի ունեցել էական որևէ գործարար հարաբերություն ընկերության և ընկերության հետ փոխկապակցված անձի (անձանց) հետ,
դ) վերջին հինգ տարվա ընթացքում չի հանդիսացել ընկերության արտաքին աուդիտն իրականացնող անձի և դրա հետ փոխկապակցված անձի (անձանց) բաժնետեր և աշխատող,
ե) վերջին 10 տարվա ընթացքում 6 տարուց ավելի չի հանդիսացել ընկերության խորհրդի անդամ,
զ) չի հանդիսանում ընկերության նշանակալից բաժնետեր,
է) վերջին մեկ տարվա ընթացքում անմիջական հսկողություն չի իրականացրել ընկերության նկատմամբ՝ որպես հանրային ծառայող,
ը) չի հանդիսանում վերոհիշյալ անձանցից որևէ մեկի ընտանիքի անդամ:
Նշված սահմանափակումները գործում են նաև խորհրդի անդամի պարտականությունները կատարելու ժամանակահատվածում։
Բաց ընկերությունում ձևավորվում է խորհրդին կից աուդիտի հանձնաժողով։
Բաց ընկերությունում խորհրդին կից աուդիտի հանձնաժողովը կազմված է բացառապես խորհրդի անդամներից: Աուդիտի հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է լինի խորհրդի անկախ անդամ:
Աուդիտի հանձնաժողովի անդամ չի կարող լինել այն անձը, ով ներգրավված է ընկերության և դրա հետ փոխկապակցված անձի (անձանց) ընթացիկ գործունեության ղեկավարման մեջ:
Աուդիտի հանձնաժողովի անդամները պետք է ունենան ընկերության գործունեության ոլորտին առնչվող մասնագիտական գիտելիքներ: Աուդիտի հանձնաժողովի անդամներից առնվազն մեկը պետք է գիտելիքներ ունենա հաշվապահական հաշվառման, աուդիտի և ռիսկերի կառավարման բնագավառում:
Հանձնաժողովի նախագահն ընտրվում է խորհրդի կողմից: Աուդիտի հանձնաժողովի նախագահը պետք է լինի խորհրդի անկախ անդամ: Խորհրդի նախագահի և Աուդիտի հանձնաժողովի նախագահի պաշտոնները չեն կարող համատեղվել:
Եթե ՍՊԸ-ում ձևավորվել է խորհուրդ, ապա արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրվում է խորհրդի որոշմամբ՝ սեփական նախաձեռնությամբ, ընկերության գործադիր մարմնի կամ պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով:
Ընկերությունում խորհուրդ չձևավորվելու դեպքում արտահերթ ընդհանուր ժողովը հրավիրվում է ընկերության գործադիր մարմնի կողմից` սեփական նախաձեռնությամբ կամ պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով:
Պահանջը ներկայացնելու պահի դրությամբ ընկերության` գումարային առումով առնվազն 10 տոկոս քվեարկող բաժնեմասի սեփականատեր մասնակցի (մասնակիցների) պահանջով ընդհանուր ժողով գումարելու դեպքում ժողովի գումարման ձևը և օրակարգը սահմանվում են այն գումարելու պահանջը ներկայացրած մասնակցի (մասնակիցների) կողմից:
Շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո մեկ տարվա ընթացքում։
Եվգենյա Համբարձումյան