Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարանի կողմից միանձնյա կարգով քննվում է անկախ հանձնաժողովի եզրակացությունն ստանալու պահից տասն օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին (տուժողի իրավահաջորդին), անկախ հանձնաժողովին և պատիժը կատարող հիմնարկին:
Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայությունից պահանջել խորհրդատվական զեկույց, եթե այն արդեն չի տրամադրվել անկախ հանձնաժողովին:
Դատարանում դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությանը պարտադիր մասնակցում են`
- դատախազը.
- դատապարտյալը և նրա փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.
- անկախ հանձնաժողովի ներկայացուցիչը:
Հարցի քննությանը կարող է մասնակցել նաև տուժողը (տուժողի իրավահաջորդը կամ տուժողի ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի իրավահաջորդի, տուժողի ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար: Դատարանի սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատարանի որոշմամբ դատական նիստին կարող է հրավիրվել պատիժն ի կատար ածող մարմնի ներկայացուցիչը:
Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում:
Քննությունն սկսվում է անկախ հանձնաժողովի ներկայացուցչի կողմից եզրակացությունը հրապարակելով: Այնուհետև դատարանը լսում է դատախազի դիրքորոշումը, ապա դատապարտյալին կամ նրա փաստաբանին, եթե դատապարտյալը փաստաբան ունի:
Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննության արդյունքում դատարանը որոշում է կայացնում`
- դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին, կամ
- պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին:
Դատարանի որոշումն այն կայացնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, անկախ հանձնաժողով և պատիժը կատարող հիմնարկ:
Սույն փոփոխությունները ուժի մեջ են մտել 2017թ. հունիսի 1-ից: