Կալանավորված անձանց կողմից ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու դեպի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի զեկուցագրի վերաբերյալ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն հիմնարկի թիվ 28-րդ խցում պահվող կալանավորված անձ Զ. Նասլյանը, զբոսանքից վերադառնալիս ցանկացել է մուտք գործել եղբոր՝ Լ․Նասլյանի խուց: Սակայն քրեակատարողական հիմնարկի ԱԱԲ-ի մասնագետ Է. Կ.-ի կողմից մերժում ստանալով՝ նախ ինքը, ապա եղբայրը կալանավորվածներին պահելու վայրի բնականոն գործունեությունը խոչընդոտելու նպատակով վիճաբանության մեջ են մտել ՔԿՀ աշխատակցի հետ, որի ընթացքում գործադրել են նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն՝ ձեռքերով հարվածներ են հասցրել նրա դեմքին»,-ասաց նա։
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հանցակազմի հատկանիշներ, Լոռու մարզի դատախազության ավագ դատախազի կողմից որոշում է կայացվել դեպքի առթիվ հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը: