«Կառավարության ղեկավարը ԱԺ-ում փորձեց հիմնավորել, որ տնտեսության մեջ չորս տոկոս գնաճը տնտեսությանն օգուտ է։ Այսինքն, ուզում է ասել՝ ժողովուրդ ջան, էս թանկացումները անում ենք ձեզ համար»: Այս մասին «Ելք» դաշինքի նախաձեռնած հանրահավաքի ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Սարգսյանը։
Պատգամավորը նաև անդրադարձավ աջ ղեկով մեքենաների արգելքին, նշելով, որ ինքը դեմ է քվերակել այդ նախաձեռնությանը խորհրդարանում. «Խնդիրը միայն թանկացումները չեն, թանկացումներով միայն մեր կյանքը ծանր դարձնելով չէ։ Խնդիրը ՀՀ կայունությանն է վերաբերում, այդ տնտեսության ողջ մնալուն։ Հայաստանում նման քաղաքականությամբ դեռ երեսուն տարի ոչ արտագաղթի տեմպերը կիջնեն, ոչ էլ տնտեսությունը կվերականգնվի։ Հայաստանին հրաշք է պետք»։
Իրավաբան.net-ի լրագրողը հայտնում է, որ երթն արդեն մեկնարկել է: Երթին են միանում քաղքացիներ քաղաքի տարբեր մասերից: Նրանք շարժվելու են Շառլ Ազնավուր հրապարակ-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի փողոց-Սայաթ Նովա փողոց-Աբովյան փողոց-Շառլ Ազնավուր հրապարակ երթուղով։
լուսանկարները՝ Ալիսա Չիլինգարյանի