2017 թվականի հուլիսին Արևշատ գյուղի տարածքում, Արտաշատյան ջրատարից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է արական սեռի մարդու դիակի մի մասը՝ ոտքերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Արարատի մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանը:
«Մոտավորապես 20 օրվա տարբերությամբ Շենգավիթ վարչական շրջանում ունեինք անհայտ կորած: Նրա ընկերը վկայություն տվեց, որ նա խմած ժամանակ Զանգու գետն է ընկել և անհետացել: Քննության ընթացքում պարզվեց, որ Զանգու գետը միանում է Արարատյան ջրատարին»,-նշում է դատախազը՝ հավելելով, որ նշանակվել է գենետիկական փորձաքննություն:
Համեմատվել են հասակը, ոտքի ներբանի երկարությունը: Դատախազի խոսքով՝ դրանք համապատասխանում էին: Հայտնաբերված դիակի ազդոսկրից ԴՆԹ պետք է առանձնացվեր, որպեսզի հնարավոր լիներ նրա որդու հետ հայրության ճանաչման սկզբունքով նույնացում իրականացնել: ԴՆԹ չառանձնացվեց: Հարազատները նրան բնութագրող էլի մի շարք հատկանիշներ նշեցին հագուստի, դաջվածքի առումով, սակայն դրանք չհաստատվեցին փորձագետի կողմից:
«Փորձագետը նշեց, որ դիակի մասը 30-40 օր գտնվել էր ջրում և ջրում գտնվելու ընթացքում կարող էր և՛ հագուստի գույնը փոխվել, և՛ ձախ ոտքի առաջնային մասում հարազատների նշած դաջվածքը կարող էր նաև անհետանալ, քանի որ արդեն սկսվել էր նեխման պրոցեսը»,-նշեց Սևակ Հովհաննիսյանը: Նա նաև ասաց, որ այժմ բանակցություններ են տարվում այդ փորձաքննությունը այլ երկրում իրականացնելու համար:
Դատախազի խոսքով՝ ոտքերից վերցվել են համապատասպան նմուշներ, իսկ դրանք հուղարկավորվել են հարակից գյուղերից մեկի գերեզմանատանը: Անհրաժեշտության դեպքում կկատարվի արտաշիրիմում:
Եվգենյա Համբարձումյան