«Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը չընդունվեց

Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 15-ին, 34 կողմ և 54 ձայներով մերժեց  «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

«Ծառուկյան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ իրենք առաջարկում են գյուղատնտեսական նշանակության հողերի, տնամերձ և այգեգործական հողամասերի բնակլիմայական աղետների հետեւանքով (կարկուտ, ցրտահարություն, երաշտ), պտղատու այգիների առնվազն 40 տոկոս վնասվելու դեպքում՝ տվյալ տարվա համար գյուղացիներին ազատել հողի հարկից:

Նա ԱԺ բերված  օրենքի նախագիծը հիմանվորեց այսպես. «Բնակչության շուրջ 35,7 տոկոսը գյուղաբնակ մարդիկ են, ՀՀ բերրի հողերի շուրջ 60 տոկոսը չեն մշակվում: Դեռևս 2009-ին երբ ամբողջ աշխարհն սկսեց խոսել տնտեսական ճգնաժամից, Հայաստանը ևս անմասն չմնաց ճգնաժամից: Այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ նման իրավիճակում պետք է հարկային քաղաքականությունը մեղմվի, բայց դրան ականջալուր չեղան և հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ փակվեցին: Մենք պետք է գյուղացիներին այդ հնարավորությունն ընձեռենք, որ հողերի 60 տոկոսը, որ անմշակ են մնում, հնարավորություն տանք մշակելու»,-նշեց պատգամավորը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն իր հերթին նշեց, որ բոլոր տեսակի աղետների ժամանակ կառավարությունը պատասխանատու է կորուստների փոխհատուցում իրականացնել բյուջեից և ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու այս օրենքի նախագծին:

«Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն էլ ասաց, որ տարիներ շարունակ այդ վնասը փոխհատուցվել է կառավարության որոշմամբ, հիմա առաջարկվում է դա ֆիքսել օրենքով. «Ավելի հեշտ կլինի այդպես: Տարիներ շարունակ գյուղացիները բողոքում են, որ իրենց կրած վնասը ժամանակին ու ճիշտ չափով չի փոխհատուցվում: Եկեք հնարավորություն տանք, որ գյուղացիները բողոքի ակցիաներ չկազմակերպեն»:

Օրենքի նախագիծը՝ այստեղ

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել