Քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացման դասընթացի երրորդ խումբը ստացել է ավարտական հավաստագրերը

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) 14 ներկայացուցիչներ ստացան հավասատագրեր այն մասին, որ մասնակցել են Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից իրականացվող ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրին։ Կրթական ծրագիրն ավարտեցին 14 ՔՀԿ ներկայացուցիչ՝ Երևանից և մարզերից։

Կրթական ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում, որի նպատակը Հայաստանում քաղհասարակության ձայնը հանրային քննարկումների ժամանակ ազդեցիկ դարձնելն է։

Դասընթացի մասնակից «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Նինել Հովնանյանը նշում է, որ ծրագիրը նպաստում է կազմակերպությունների կարողությունների զարգացմանը և իրավագիտակցությունն է բարձրացնում․ «Կազմակերպություններ կան, որ աշխատում են, իրենց հունով գնում են, բայց կանոնակարգված չեն անում։ Դասընթացները շատ բան տվեցին ներքին կարողությունների զարացման համար»- ասաց ծրագրի շրջանավարտը։

Դասընթացի մասնակիցներից Մարի Չաքրյանը, ով ներկայացնում է «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ն, նշում է, որ իր համար ի սկզբանե կարևոր է եղել քաղաքականությունների շուրջ երկխոսության խնդիրների վեր հանումը, այն խնդիրները, թե որո՞նք են խոչընդոտում դրանց կայացման համար և թե ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել դրանց վերացման համար։ «Ես վստահ եմ, որ մեկ, կամ մի քանի աստիաճանով կբարձրանա այսուհետ մեր կողմից պլանավորվող գործողությունները, որովհետև հաճախ մենք մոնիթորինգ ենք անում, գնահատում իրավիճակը, ինչ-որ առաջարկներ ենք ներկայացնում՝ հաշվի չառնելով այնպիսի ռազամավարական փաստաթղթեր, որոնք դրված են այս երկրի զարգացման հիմքում։ Շատ կարևոր էր, որ դասընթացավարները մեր ուշադրությունը հրավիրեցին հենց այդ փաստաթղթերի վրա, որը մեր կողմից կատարվող գործողություններն ավելի նպատակային ու ավելի կառուցողական կդարձնի և մեր ձայնը, առաջարկությունները՝ ավելի հիմնավոր»,-մանրամասնեց Մարի Չաքրյանը։

Նշենք, որ կրթական ծրագիրն իրականացվելու է ընդհանուր առմամբ 120  ՔՀԿ ներկայացուցիչների համար՝  Երևանից և մարզերից։ Կրթական ծրագրի շրջանակներում մասնակիցները կուսուցանվեն հանրային քաղաքականությունների մշակման, հանրային բյուջեների ու քաղաքականությունների մշտադիտարկման, կոալիցիաների կառուցման և ՔՀԿ-կառավարություն կառուցողական երկխոսության թեմաներով:

Կրթական ծրագիրը կշարունակվի նաև  Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ավարտից հետո։ ՔՀԿ ներկայացուցիչները շարունակաբար հնարավորություն են ունենալու վերոնշյալ ոլորտներում նոր գիտելիքներ և հմտություններ ձեռքբերել։

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել