46-ամյա Նոնան դատապարտվել է երկու և ավելի կանանց պոռնկություն կատարելուն նպաստելու համար։ Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական համակարգից։
Գործի նյութերի համաձայն՝ Նոնային մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա գույքային օգուտ ստանալու նպատակով երկու և ավելի անձանց պարբերաբար կացարան տրամադրելու եղանակով նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն։ Մասնավորապես, նա Կապանի «Ամադա» հյուրանոցում մատուցողուհի է աշխատել և այս տարվա հուլիսից մինչև սեպտեմբերի 14-ը պարբերաբար հեռախոսազանգերի միջոցով հյուրանոց է հրավիրել կապանաբնակ մարմնավաճառների, ովքեր հյուրանոցի առաջին հարկում գտնվող հյուրասենյակներում 10000-15000 ՀՀ դրամ գումարի սեռական հարաբերություններ են ունեցել տարբեր անձանց հետ։ Նոնան ստացել է գույքային օգուտ՝ նպաստելով մարմնավաճառների կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Ամբաստանյալն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և միջնորդել է գործը քննել արագացված դատական կարգով։
Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք է համարել հանցանքը կատարելու ռեցիդիվը, իսկ մեղմացնող՝ կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր ճանաչելը, բնութագրվում է դրական, վատառողջ է, խնամքին է վատառողջ մայրը:
Նոնան 2015 թվականին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման մի խումբ անձանց հետ խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։ Սակայն նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Փորձաշրջանի ընթացքում նա կատարել է այս հանցանքը։
Քննության առնելով ընտրված խափանման միջոցի հարցը, դատարանը գտել է, որ Նոնայի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը պետք է թողնել անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռը հրապարակվել է այս տարվա նոյեմբերի 21-ին, այսինքն՝ վաղը կարող է մտնել օրինական ուժի մեջ։