Հանրապետության նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից: Սահմանադրությամբ նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրություն, իսկ ընտրված համարվելու համար անհրաժեշտ է ստանալ պատգամավորների ընդհանուր թվի երեք քառորդի ձայները, այսինքն՝ առնվազն 79 ձայն:
Ըստ Սահմանդրության՝ ընտրությունն անցկացվում է հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, և ոչ ուշ, քան 30 օր առաջ:
Նախագահ կարող է առաջադրվել 40 տարին լրացած, վերջին 7 տարում միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող և ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ընդ որում՝ ՀՀ նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:
Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: