Այսօր Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ փորձագետ Կարեն Վարդանյանի՝ առանձնակի դաժանությամբ սպանության գործով վերջիննիստը: Նախագահող դատավորն էր Տաթևիկ Գրիգորյանը:
Գևորգ Զոհրաբյանի պաշտպան, փաստաբան Մարինե Ֆարմանյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ առաջին հայացքից թվում է, թե գործը պարզ է, սակայն գործում մի շարք չհիմնավորված ապացույցներ կան: Պաշտպանը շեշտեց, որ Գևորգ Զոհրաբյանը նախնական պայմանավորվածություն չի ունեցել ամբաստանյալ Արթուր Միհրանյանի հետ: Իսկ Արթուր Միհրանյանը տուժողին սպանելու միտում չի ունեցել:
«Նախնական համաձայնությամբ խմբի կազմի մասով պետք է նշեմ տուժողի կողմից Գևորգ Զոհրաբյանին բնակարան նվիրելու փաստը: Ի՞նչ իրական վտանգ էր տեսնում Գևորգը Կարենից այն դեպքում, երբ Կարենն ինքն էր նվիրել իր սեփական բնակարանը նրան»,- ասաց Մարինե Ֆարմանյանը:
Պաշտպանը ուշադրություն հրավիրեց լազերային սկավառակի վերաբերյալ զննության արձանագրությանը: Նա նշեց, որ ներքին դիտման լազերային սկավառակում առկա են 2 ձայնագրություն, որոնցից մեկում Արթուրն էր, իսկ մյուսում՝ Գևորգը: Տեսագրությունն ավարտվել է միանգամից՝ կարծես դիտավորությամբ այն անջատելու միտումով:
Մարինե Ֆարմանյանն ասաց նաև, որ իրականությունը դիտավորյալ թաքցվել կամ խեղաթյուրվել է. «Այս գործի պարագայում պետք է տեղի ունենար առևանգմանը զուգորդված սպանություն, սակայն այս դեպքում Արթուրը Կարենին առևանգելու միտում չի ունեցել, և Կարենն ինքնակամ է նստել Արթուրի ավտոմեքենան»,-հավելեց պաշտպանը:
Ավարտելով խոսքը՝ նա դիմեց դատարանին և ասաց, որ ակնկալում է արդար և անկողմնակալ դատավճիռ:
Պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը նշվեց, որ Գևորգ Զոհրաբյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասաց, որ Կարենն իր բնակարանն իր կամքով և ցանկությամբ է նվիրել Գևորգին:
Պաշտպանն ասաց նաև, որ նախնական սպանության մտադրություն ամբաստանյալ Գևորգը չի ունեցել: Նա նույնպես նշեց, որ ամբաստանյալները Կարենին սպառնալիքներով մեքենան չեն նստեցրել, այլ նա ինքն է իր կամքով նստել այդ մեքենան:
Ներկայացրեց Սևան գնալու ճանապարհին տեղի ունեցածը, որտեղ Գևորգ Զորհրաբյանը Արթուր Միհրանյանի և Կարեն Վարդանյանի թողել է միասին և այլ մեքենայով վերադարձել Երևան և չի պատկերացրել, որ Արթուրի ու Կարենի միջև կարող է վեճ լինել ու սրվել այդ աստիճանի:
Ամբաստանյալներին ևս պաշտպանական ճառի հնարավորություն տրվեց: Արթուր Միհրանյանն ասաց. «Բազմիցս ասել եմ՝ սպանությունը կատարել եմ ես ինքս, և Գևորգը ոչ մի մեղք չունի»: Գևորգ Զոհրաբյանը հրաժարվեց պաշտպանական ճառով հանդես գալ:
Այդուհետև, վերջին խոսք ասելու հնարավորություն տրվեց, որից Գեւորգ Զոհրաբյանը կրկին հրաժարվեց: Ամբաստանյալ Արթուր Միհրանյանն էլ դիմելով դատարանին՝ ասաց. «Խնդրում եմ արդարացի դատավճիռ, ես սխալվել եմ…»:
Քիչ առաջ պաշտպան Մարինե Ֆարմանյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանին և
Արթուր Միհրանյանին դատարանը մեղավոր ճանաչեց՝ Գևորգ Զոհրաբյանի նկատմամբ պատիժ սահմանելով 24
տարի ազատազրկման ժամկետով և 1 միլիոն դրամի չափ տուգանք, իսկ Արթուր Միհրանյանին՝ 22 տարի
ազատազրկման ժամկետով և նույնպես 1 միլիոն դրամ տուգանքի չափով:
Լուսանկարում՝ սպանված Կարեն Վարդանյանը
Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net