Ազգային ժողովում այսօր շարունակվեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներն այսօր իրենց անհամաձայնություն էին հայտնում նախագծի հիմնական դրույթների վերաբերյալ։ Պատգամավոր Արտակ Զեյնալյանն իր ելույթում անդրադառնալով կրթական համակարգից տարկետման իրավունքը դադարեցնելու հարցին ասաց․ «Համեմատություն է արվում Իսրայելի հետ: Իսրայելում չկա տարկետում և ամենաշատ Նոբելյան մրցանակներ շահում են նրանք: Եթե այդ սկզբունքով լիներ, ապա նույնքան շատ մրցանակներ պետք է ստացած լինեին Հյուսիսային Կորեայի քաղաքացիները։ Հարցը ոչ թե տարեկետման մեջ է, այլ լավ կրթական, գիտական համակարգ ունենալու և ֆինանսավորելու մեջ է, ինչը Հայաստանում ցածր մակարդակի վրա է»։
Արտակ Զեյնալյանն անդրադարձել է նաև զինվորների առողջական վիճակին․ «Ինչու՞ են մեր զորակոչիկներն այդքան ցածրահասակ, թերքաշ: Մեր երեխաների շրջանում լուրջ խնդիր է երկաթի դեֆիցիտային անեմիան: Երիտասարդները չեն հավաքում բավարար քաշ, չունեն բավարար հասակ: Նրանք ցածր արտադրողականություն ունեն նաև»,- Զեյնալյանի խոսքով կրթական, առողջապահական համակարգի այս լուրջ խնդիրները չեն լուծվում ներկայացված օրինագիծով։
Կարևոր հարց է նաև պարտադիր զինծառայությունից խուսափելու խնդիրը։ Զեյնալյանի խոսքով, 11 հազար մարդ խուսափել է ծառայությունից։ Դա հանրության ուղղված հանցագործություն է, սակայն հանրությունը չի ընկալում նրանց որպես հանցագործ, այլ նրանց քայլն ընկալում է որպես ընդդեմ իշխանավորի արված քայլ։