ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 19-ի նիստում համաձայնություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համաձայնագրին համապատասխան, երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների: Թույլտվություն կպահանջվի միայն Եվրասիական տնտեսական միության ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս:

Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում, որը երկու երկրների լիազոր մարմինները կփոխանակեն յուրաքանչյու տարի: Բացառություն կլինեն միայն անսարք ավտոբուսների փոխադրումները:

Համաձայնագրով նախատեսվում է ծանրաքաշ, մեծ եզրաչափերով և վտանգավոր բեռներ փոխադրող ավտոտրանսպորտային միջոցներով երկու պետությունների միջև փոխադրումների կանոնակարգում: Այդ փոխադրումները իրականացնելու նպատակով լիազոր մարմինները կտրամադրեն հատուկ թույլտվություն:

Համաձայնագիրը ներառում է փոխադրումների անվտանգության, ապահովագրության և վերահսկողության մեխանիզմներ:

Միաժամանակ բեռների և ուղևորների փոխադրումներ իրականացնող փոխադրողները Համաձայնագրի շրջանակներում երկու պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս փոխադարձաբար ազատվում են մյուս պետության տարածքում տրանսպորտային միջոցների սեփականության և դրանց օգտագործման հետ կապված տուրքերից, գանձումներից և մուծումներից` բացառությամբ եթե տվյալ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել