25-ամյա Ալեքսանդրը ֆինանսական խնդրի առջև է կանգնել բարեկամի «օգնությամբ»

25-ամյա Ալեքսանդր Վենիամինովը դատական քաշքշուկների ու ֆինանսական խնդիրների առաջև է կանգնել, իր խոսքով, բարեկամի պատճառով:

Իրավաբան.net-ի հետ զրույցում Ալեքսանդրը պատմում է, որ դեռևս երկու տարի առաջ  իր բարեկամը, վստահության մթնոլորտ ստեղծելով, իրեն տարել է «Դուբայ» խանութ-սրահ և այնտեղ կատարել է 400․000 դրամին համարժեք ապառիկի գործարք՝ «Յունիբանկ»-ի միջոցով։

Իր խոսքով, իրեն չեն տեղեկացրել, որ հենց ինքն է համարվում ապառիկ գործարքի լիարժեք պատասխանատուն, քանի որ գործարքի պայմանագիրը կնքվել է իր անունով։ Իսկ բարեկամը, վերցրել է գնված տեխնիկան, սկզբնական շրջանում բարեխղճորեն վճարել է պայմանագրով նախատեսված պարտավորության գումարը, այնուհետև դադարել է վճարել։

Ալեքսանդր Վենիամինովը

Իսկ 2016 թվականի նոյեմբերի 14-ին Ալեքսանդրը դատարանից ստացել է ծանուցագիր և տեղեկացել է, որ  «Յունիբանկ»-ն իր դեմ դատական հայց է ներկայացրել՝ ավելի քան 550 հազար դրամ բռնագանձելու պահանջով (մայր գումար, տոկագումարներ, տույժեր):

Գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝  դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ:

Դատական նիստի օրը՝  այս տարվա մայիսի 22-ին Ալեքսանդրը շտապել է դատարան, դատական նիստին ներկայացրել է իրավիճակը. «Դատավոր Բալյանն ինձ  ասաց, որ բանկն ինձ չի անհանգստացնի և ասաց, որ ես ունեմ երկու ամիս ժամանակ՝ այդ գումարն ամբողջությամբ վճարելու համար»,-մեզ հետ զրույցի ժամանակ պատմեց Ալեքսանդրը։

Դատական նիստից հետո Ալեքսանդրը գնացել է բարեկամի տուն ու բացահայտել է, որ վերջինս գտնվում է Ռուսաստանում։ Նրա ծնողներին պատմել է,  որ իրենց որդին իրեն խաբել և  անհարմար դրության մեջ է դրել. «Նրանք ասացին, որ պատրաստ են այդ գումարը երկու ամսվա մեջ վճարել։Ասացին, որ տունը գրավ կդնեն,և այդպես բոլոր խնդիրները կկարգավորեն»։

Սակայն վճարումներ այդպես չեն լինում և երկու ամիս հետո Ալեքսանդրին նորից է դատական ծանուցագիր ուղարկվում: Նորից փորձում է կապվել բարեկամի հետ, նրա ծնողներն այս անգամ էլ են խոստումներ տալիս. «Հայրը հավաստիացրեց, որ ընտանիքով պետք է գնան նոտարական գրասենյակ, ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն, որ գումար վերցնեն»:

Այս տարվա օգոստոսի 4-ին դատարանը վճիռ է կայացրել՝ բավարարելով բանկի հայցը: Վճռով Ալեքսանդրը պարտավորվել է վճարել ոչ միայն վարկային պարտավորություն սահմանված 543 հազար դրամը, այլև տույժերը, պետական տուրքեր՝ 11 հազար դրամ և բանկի օգտին բռնագանձվելիք տոկոսների, տույժերի, սպասարկման վճարի գումարների 2%-ի չափը:

Ի դեպ, արդեն երկրորդ դատական հայցն է ներկայացվել Ալեքսանդրի դեմ բանկի կողմից և այս անգամ պահանջվող բռնագանձվելիք գումարը կազմում է շուրջ 932 հազար դրամ: Դատական նիստ դեռևս չի նշանակվել, սեպտեմբերի 29-ին  գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանին:

Իրավաբան.net-ը փորձեց կապվել Ալեքսանդրի  բարեկամի հետ, սակայն Հայաստանում չգտվելու պատճառով հնարավոր չեղավ զրուցել նրա հետ: Նրա հայրը ներկայումս Ռուսաստանում է, հեռախոսազրույցի ժամանակ հավատացրեց, որ մոտ օրերը վերադառնելու է Հայաստան և վճարելու է բանկից ստացված ապառիկի ամբողջ գումարը։ Նա հայտնեց նաև, որ ինքն ընդունում է, որ իր տղան է ապառիկով գնում կատարել, մանրամասնորեն տիրապետում է, թե ինչ է տեղի ունեցել։

Բարեկամի անունը դեռևս չենք հրապարակում, քանի դեռ հնարավորություն չենք ունեցել անձամբ իր հետ զրուցելու:

Ի՞նչ անել, երբ այլ անձի համար վարկ եք վերցրել և փաստի առջև կանգնել 

Մեր այն հարցին, թե ինչու՞ է բարեկամի համար իր  անունով ապառիկի գործարք կատարել, Ալեքսանդրը պատասխանեց․ «Ինձ չեն ասել, որ ես եմ լինելու պատասխանատուն, այլ ասել են, որ վճարողը լինելու է Նարեկը, և ես ոչ մի պարտավորություն չեմ ունենալու։Ես չեմ տիրապետել իմ իրավունքներին և դարձել եմ խաբեության զոհ»։

Իրավաբան.net-ը զրուցեց փաստաբան Աշխեն Եսայանի հետ այն մասին, թե ի՞նչ կարող է անել Ալեքսանդրը և, առհասարակ, ՀՀ քաղաքացին այդօրինակ վիճակում․

«Նախ՝ խորհուրդ կտամ ոչ ոքի համար վարկ չվերցնել, քանի որ սահմանված ժամանակահատվածում գումարները չվճարելու դեպքում պատասխանատվություն կրելու է վարկառուն, իսկ, եթե ամեն դեպքում վերցնում են, ապա այն անձի համար, ում համար վարկ են վերցրել, այդ անձի հետ կնքել պայմանագիր կամ կազմել ստացական (այս պարագայում պետք է պայմանագիր կնքվեր նաև Ալեսքանդրի և իր բարեկամի միջև), որպեսզի հետագայում վարկի գումարը ինքնուրույն վճարելու դեպքում այն անձը, ում համար վարկ են վերցրել, փոխհատուցի վարկառուին պատճառված վնասը: Այդուամենայնիվ՝ անհարժեշտ է հիշել, որ վարկային պայմանագրով սահմանված ժամանակահատվածում անհրաժեշտ գումարը չվճարելու դեպքում բացասական հետևանքը կրելու է վարկառուն և նվազելու է նորից վարկ վերցնելու հնարավորությունը»,- ասաց փաստաբանը։

Ալեքսանդրը, ինչպեսև ենթադրելի է, որէև պայմանագիր չի կնքել բարեկամի հետ, իսկ վարկ վերցված գումարի դիմաց վճարվելիք տոկոսագումարները աստիճանաբար աճում են:

Վերջում նշենք, որ Ալեքսանդրի ծնողները մահացել են: Ապրում է վարձակալած բնակարանում՝ կնոջ և յոթ ամսական աղջիկ երեխայի հետ: Չունի կայուն աշխատանք: Հացի խնդիրը մի կերպ լուծում է դաշտերում աշխատելով՝ օրավարձով, որը ժամանակավոր բնույթ է կրում:

Սերգեյ Հակոբյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել