Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հանրապետության Նախագահի 2016թ. դեկտեմբերի 20-ի կարգադրությամբ ստեղծված՝ Հանրային ծառայության համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խմբի գործունեության ընթացքը և միջանկյալ արդյունքները: Անդրադարձ է եղել հատկապես քաղաքացիական ծառայությանն առնչվող օրենքների նախագծերի նախապատրաստման վիճակին:
Աշխատանքային խմբի ղեկավար փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Նախագահին ներկայացրել է մշակված նախագծերի հիմնական նորամուծությունները, այդ թվում՝ քաղաքացիական ծառայության լիազոր մարմնի կարգավիճակին, դրա կազմավորմանը և լիազորություններին վերաբերող հարցերը:
Խորհրդակցության ընթացքում Հանրապետության Նախագահն ընդգծել է սահմանադրական փոփոխությունների կենսագործման շրջանակներում հանրային ծառայության համակարգի բարեփոխման և դրա արդյունավետության բարձրացման կարևորությունը:
Ներկայացված նախագծերով առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ քննարկման արդյունքում աշխատանքային խմբի ղեկավարին տրվել են մի շարք հանձնարարականներ՝ հաշվի առնելով խորհրդակցության ժամանակ ձևավորված մոտեցումներն ու հնչած առաջարկությունները: