Զինվորական համակարգում կաշառքի գործով պաշտպանության կողմը կարծում է, որ նախաքննական մարմինը ճնշում է գործադրել առանցքային չորս վկաների նկատմամբ և ամբաստանյալների դեմ ցուցմունքներ կորզել:
Այսօր սույն գործով հերթական նիստին Շենգավիթի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում պաշտպանական կողմի դիրքորոշումը հայտնեց փաստաբան Գագիկ Խաչիկյանը՝ հանդես գալով համապատասխան միջնորդությամբ:
Նա ասաց, որ առանցքային վկաներ հանդիսացող 4 զինծառայողները տարօրինակ զուգադիպությամբ տառապել են այնպիսի հիվանդություններով, որոնց առկայության դեպքում բացառվում է նրանց ծառայությունը զինված ուժերի որևէ ստորաբաժանումում. «Անկախ նրանից, որ այդ բոլոր զինծառայողները տառապել են տարբեր հիվանդություններով, սակայն քրեական գործում առկա չէ որևէ տեղեկատվություն այդ մասին,- ընդգծեց փաստաբանը և հավելեց.- պաշտպանության կողմը բազմիցս տեսակետ է արտահայտել, որ մեղադրող վկաներն այն անձիք են, որոնք ունեցել են խրոնիկ հիվանդություններ, այդ անձիք ի սկզբանե իրավունք չունեին ընդունվել որևէ զինվորական հաստատություն, սակայն, քանի որ ինչ-ինչ պատճառներով ընդունվել են և այդ մասին իմացել է սպայական կազմը, նրանք եղել են խոցելի ու նրանք են օգտագործվել իրավապահների կողմից այս շինծու մեղադրանքը հիմնավորելու համար: Որպեսզի մեր ասածը մերկապարանոց չլինի, մենք խնդրում ենք դատարանից, որ պահանջի նրանց հիվանդությունների մասին վկայող համապատասխան բժշկական փաստաթղթերը: Ավելին՝ նշված բժշկական փաստաթղթերը քննիչի կողմից պահանջվել են, սակայն որևէ փաստաթուղթ չի պահվել քրեական գործում և դրանք անհետացել ել»,- եզրափակեց իր միջնորդությունը պաշտպանը:
Մեղադրող դատախազն առարկեց միջնորդության դեմ՝ պարզաբանելով, որ տվյալ անձանց հիվանդ կամ առողջ լինելու հանգամանքը որևէ կերպ չի կարող հիմնավորել, ինչպես նաև հերքել Հովսեփյանի ու մյուսների կողմից կաշառք ստանալու և տալու մեղադրանքը:
Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի բուժկետի նախկին պետ Ս․Մ․-ին (ամբաստանյալի անունը փոփոխված է) մեղադրանք է առաջադրվել կաշառք պահանջելու և ստանալու, իսկ 6 քաղաքացիների՝ կաշառք տալու համար:
Դատավոր Դավիթ Բալայանը միջնորդությանը հարցը լուծելուց առաջ, նախ կողմերին առաջարկեց միասին այն քննարկել: Պաշտպանական կողմից նա հետաքրքրվեց՝ եթե 4 վկաների հիվանդության մասին վկայող ապացույցներ լինեն, այդ դեպքում պաշտպանական կողմը, ինչպե՞ս է հիմնավորելու, որ ոստիկանությունում դրանք օգտագործել է: Փաստաբանը ասաց, որ գոյություն ունի չփարատված կասկածի սկզբունքը, որը տվյալ դեպքում կօգտագործվի ամբաստանյալներ օգտին:
Դատավորն արձագանքեց. «Այստեղ չփարատված կասկած չի, դուք ասում եք, որ անօրինական ձևով վերցրված ապացույց է, հիմա մենք ի՞նչ պետք է փարատենք, մենք չենք կարող չփարատված համարենք, որ անօրինական ապացույց գործադրվել է, բայց քանի որ չեք կարողանում հիմնավորել, ապա ասում ենք, որ գործադրվել է»,- փաստաբանը պատասխանելով՝ նշեց, որ ըստ իրենց ճնշում եղել է վկաների նկատմամբ ու դա կփորձեն առաջիկայում ապացուցել:
Դատարանը որոշեց այդ փաստաթղթերը պահանջել` հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք մինչ այս նախաքննական մարմնի կողմից ձեռք են բերվել:
Հաջորդ միջնորդությամբ պաշտպանական կողմը խնդրեց ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանից ստանալ Ս․Մ․-ի կողմից տրամադրած բոլոր ուղեգրերը. «Եթե հազար ուղեգիր է տվել, մենակ երեքն են ասել, որ փող է վերցրել, էտ ո՞նց է ստացվում, որ հազարից չի վերցրել ու այդ երեքից է վերցրել»,- նշեց փաստաբանը: Մեղադրողը առարկեց նույն պատճառաբանությամբ, իսկ դատարանը որոշեց միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու հիմքով:
Այսօր դատարանում հարցաքննվեցին նաև երկու վկաներ, նրանցից մեկը Ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ է և հետաքննության ընթացքում, իր խոսքերով, հանդիպել է գործով անցնող կուրսանտների հետ, զրուցել նրանց հետ ու խորհուրդներ տվել:
Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե արդյոք ՌՈ աշխատակիցների կողմից կազմվել է ցուցակ, որով էլ մարմին են կանչել համապատասխան կուրսանտներին հարցաքննություն իրականացնելու համար, վկան բացասական պատասխան տվեց, սակայն ավելի ուշ, երբ նրան հարցաքննում էր դատավոր Դավիթ Բալայանը, վկան խոստովանեց, որ ցուցակ ՌՈ աշխատակիցների մոտ եղել է (Մանրամասները՝ տեսանյութում):
Պաշտպանական կողմից համար անհասկանալի էր, թե վկան՝ ինչ դատավարական գործողություն է կատարել ՌՈ շենք բերված անձանց հետ, բաժանմունքի պետը հստակ պատասխան չտվեց՝ նշելով, որ արել է այն, ինչ իրեն վերապահված է եղել ղեկավարության կողմից:
Հաջորդ վկան՝ Սոնա Հարությունյանը, 2013թ.-ից մինչև այս տարվա ապրիլի 25-ը աշխատել է «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ում:
Պարզաբանենք, որ նախորդ նիստերից մեկի ժամանակ հարցաքննվող կուրսանտ Գուրգեն Բաբայանը պատմել է, որ մայրը հիվանդություն է ունեցել, նա համապատասխան փաստաթղթեր ներկայացրել է Ս․Մ․-ին, ով իրենից ուզել է 45 հազար դրամ, հետո իմացել է, որ վիրահատությունը ավելին արժի՝ 200 հազար, ինչը մուծել է: Վիրահատությունից մեկ ամիս անց բժիշկը կանչել է կուրսանտի մորը հետվիրահատական ստուգումների համար և այդ ընթացքում աշխատասենյակ է մտել մի անձ, ով դիմել է իր մոր՝ ասելով. «Ձեր բախտը բերեց՝ 200 հազար դրամով պրծել եք,- նշել է Գուրգենը՝ հավելելով.- հետո ես մտածեցի, ու այդպես էլ չհասկացա, թե ինչի համար էր այդ 45 հազար դրամը ու զեկուցագիր գրեցի վերադասին»:
Այսօրվա նիստին Սոնա Հարությունյանը փոխանցեց, որ ինքն է լրացրել է այդ վիրահատության վճարի անդորրագիրը, ըստ նրա՝ 200 հազար դրամը եղել է վիրահատության, իսկ 45 հազար դրամը՝ հետվիրահատական ստուգումների վճարը:
Կարդացեք նաև՝
Կաշառքի գործ. ամբաստանյալի աթոռին՝ ՊՆ զորամասի բուժկետի պետն ու 6 անձիք
Գ.Թ.