Երևանի Հանրապետության 32 հասցեում գտնվող Նահանգապետարանի վարչական շենք-հուշարձանի ներսում այս պահին վերականգնողական աշխատանքներ են կատարվում. վերականգնվում և գունային առումով թարմացվում են շենքի ներսի որմնանկարները:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության ղեկավար Միքայել Հարությունյանը ներկայացնում է, որ այս շենքը կառուցվել է 1876 թվականին, եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը: Այժմ իրենց դաշնության գրասենյակն է:
Արխիվներում պահպանված նյութերի համաձայն՝ հուշարձանի որմնանկարներն առաջին անգամ հիմնովին վերականգնվել և թարմացվել են 1949 թվականին՝ ճարտարապետ, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի նախաձեռնությամբ: Վերականգնողական երկրորդ աշխատանքները եղել են 1974 թվականին: Երրորդանգամյա վերականգնողական աշխատանքները կատարվում են այժմ. «Մոտ 1.5 ամիս է, ինչ աշխատանքները սկսվել են»:
Փոքր այս սրահում առանձնահատուկ կարևորություն ունի նաև ջահը. Միքայել Հարությունյանի խոսքով՝ այն նախագծել և Իտալիայում պատվիրել է Ալեքսանդր Թամանյանը: Սրահում այն տեղադրել են 1928 թվականին:
Որմնանկարների վերականգնման աշխատանքների համար մշակույթի նախարարությունը պետական բյուջեի միջոցներից հատկացրել է 6.68 միլիոն դրամ կամ շուրջ 14 հազար դոլար: Օգոստոսի 9-ին մշակույթի նախարարությունը պայմանագիր է կնքել «ԷՅ ՓԻ Քոնսթրաքշն» ՍՊԸ և «Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոն» ՍՊԸ կոնսորցիումի հետ:
Հետաքրքիր է այն, որ մշակույթի նախարարությունը նաև նախորդ տարի է գումար հատկացրել Երևան քաղաքի Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքի ներքին պատերի որմնանկարների ամրակայման ու վերականգնման և տանիքի վերանորոգման աշխատանքների համար: 2015 թվականի դեկտեմբերի 10-ին մշակույթի նախարարությունը պայմանագիր է կնքել «ԷՅ ՓԻ Քոնսթրաքշն», «Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոն» և «ԲՈՒՐԳ-999» ՍՊԸ–ների կոնսորցիումի հետ և վճարել 2.72 միլիոն դրամ:
Մեր այն հարցին, թե նախորդ տարի արդյո՞ք նույնպես որմնանկարների վերականգնման աշխատանքներ չեն կատարվել, Միքայել Հարությունյանը պատասխանեց, որ վերականգնվել են փոքր սրահի հարակից հատվածի որմնանկարները, և դրանք մեծածավալ աշխատանքներ չեն եղել: Հիմնականում հատակն է բարեկարգվել, ջեռուցման համակարգ է ներդրվել:
Նշենք նաև, որ այս տարի կատարվող աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների համար նույնպես մշակույթի նախարարությունը գումար է հատկացրել. «ՀՊՕ-Զորավիգ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքվել և վճարվել 100 հազար դրամ:
Եվ, իհարկե, հաճելի է, որ նման հազվագյուտ հուշարձանի պահպանման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նաև կարևորում ենք այն, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե որ հուշարձանների պահպանման համար են պետական միջոցներ տրամադրվում և որքան:
Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ