Վերականգնվում են Նահանգապետարանի շենք-հուշարձանի որմնանկարները

Երևանի Հանրապետության 32 հասցեում գտնվող Նահանգապետարանի վարչական շենք-հուշարձանի ներսում այս պահին վերականգնողական աշխատանքներ են կատարվում. վերականգնվում և գունային առումով թարմացվում են շենքի ներսի որմնանկարները:14568995_1681419351872948_1576899665_n

Իրավաբան.net-ի հետ զրույցում Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնության ղեկավար Միքայել Հարությունյանը ներկայացնում է, որ այս շենքը կառուցվել է 1876 թվականին, եղել է պարսիկ հյուպատոսի նստավայրը: Այժմ իրենց դաշնության գրասենյակն է:

Արխիվներում պահպանված նյութերի համաձայն՝ հուշարձանի որմնանկարներն առաջին անգամ հիմնովին վերականգնվել և թարմացվել են 1949 թվականին՝ ճարտարապետ, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի նախաձեռնությամբ: Վերականգնողական երկրորդ աշխատանքները եղել են 1974 թվականին: Երրորդանգամյա վերականգնողական աշխատանքները կատարվում են այժմ. «Մոտ 1.5 ամիս է, ինչ աշխատանքները սկսվել են»: 14580479_1681417458539804_1997188460_n

Փոքր այս սրահում առանձնահատուկ կարևորություն ունի նաև ջահը. Միքայել Հարությունյանի խոսքով՝ այն նախագծել և Իտալիայում պատվիրել է Ալեքսանդր Թամանյանը: Սրահում այն տեղադրել են 1928 թվականին:14569696_1681418538539696_1081398643_n

Որմնանկարների վերականգնման աշխատանքների համար մշակույթի նախարարությունը պետական բյուջեի միջոցներից հատկացրել է 6.68 միլիոն դրամ կամ շուրջ 14 հազար դոլար: Օգոստոսի 9-ին մշակույթի նախարարությունը պայմանագիր է կնքել «ԷՅ ՓԻ Քոնսթրաքշն» ՍՊԸ և «Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոն» ՍՊԸ կոնսորցիումի հետ:

Հետաքրքիր է այն, որ մշակույթի նախարարությունը նաև նախորդ տարի է գումար հատկացրել  Երևան քաղաքի Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքի ներքին պատերի որմնանկարների ամրակայման ու վերականգնման և տանիքի վերանորոգման աշխատանքների համար: 2015 թվականի դեկտեմբերի 10-ին մշակույթի նախարարությունը պայմանագիր է կնքել «ԷՅ ՓԻ Քոնսթրաքշն», «Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոն» և «ԲՈՒՐԳ-999» ՍՊԸ–ների կոնսորցիումի հետ և վճարել 2.72 միլիոն դրամ:new-picture-99

Մեր այն հարցին, թե նախորդ տարի արդյո՞ք նույնպես որմնանկարների վերականգնման աշխատանքներ չեն կատարվել, Միքայել Հարությունյանը պատասխանեց, որ վերականգնվել են փոքր սրահի հարակից հատվածի որմնանկարները, և դրանք մեծածավալ աշխատանքներ չեն եղել: Հիմնականում հատակն է բարեկարգվել, ջեռուցման համակարգ է ներդրվել:

Նշենք նաև, որ այս տարի կատարվող աշխատանքների հեղինակային հսկողության ծառայությունների համար նույնպես մշակույթի նախարարությունը գումար է հատկացրել. «ՀՊՕ-Զորավիգ» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքվել և վճարվել 100 հազար դրամ:

Եվ, իհարկե, հաճելի է, որ նման հազվագյուտ հուշարձանի պահպանման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Նաև կարևորում ենք այն, որ հասարակությունը պետք է տեղյակ լինի, թե որ հուշարձանների պահպանման համար են պետական միջոցներ տրամադրվում և որքան:

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ