Ինչպես հայտնել էինք՝ «Հայբիզնեսբանկ»-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով վերաքննիչ դատարանը մասնակիորեն բավարարել էր մեղադրողի բողոքը, ինչի հետևանքով 4-ամյա երեխան նորից կանգնել էր առանց ծնողական խնամքի մնալու վտանգի առաջ:
Այս գործով ամբաստանյալ Էդիտա Ալիխանյանի մասով վերաքննիչ ատյանը բեկանել էր առաջին ատյանի դատավճիռը և նշանակել ավելի խիստ պատիժ` 5 տարվա ազատազրկում: Եվ քանի որ վերջինս շուրջ երեք տարի ազատազրկված է եղել (որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանքը), ապա այս որոշումը ուժի մեջ մտնելու դեպքում նա պետք է ազատազրկման վայրում անցկացներ ևս 2 տարի 13 օր:
Դեռևս հունիսի 21-ին որոշոման հրապարակումից հետո գործով նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը ակնարկեց, որ պետք էր «Հայբիզնեսբանկ»-ին պատճառված վնասն ամբողջությամբ հատուցել: Իսկ մինչ այդ դատական նիստի ժամանակ բանկի ներկայացուցիչը հայտարարեց, որ ամբաստանյալի հանդեպ պահանջներ ունի:
Էդիտայի հարազատները ստիպված են եղել փոխհատուցել բանկի վնասը և միջնորդել վերաքննիչ ատյանին՝ նրա հանդեպ համաներում կիրառել: Որից հետո վերաքննիչ դատարանը մեկ այլ որոշում է ընդունել՝ բավարարելով միջնորդությունը:
Դատարանի որոշումից տեղեկանում ենք, որ «Հայբիզնեսբանկ»-ը հուլիսի 8-ի գրությամբ հայտնել է, որ ամբաստանյալ Էդիտա Ալիխանյանի կողմից բանկին պատճառված 3,002.00 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վնասն ամբողջությամբ փոխհատուցվել է, հետևաբար բանկը նշված քրեական գործով վերջինիցս գումարի կամ այլ պահանջ չունի և նրա մասով հրաժարվում է քաղաքացիական հայցից:
Դատարանը արձանագրել է, որ տվյալ դեպքում հիմքեր չկան ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 03-ի ընդունված որոշմամբ համաներումը կնոջ նկատմամբ չկիրառելու:
Եվ վերաքննիչ դատարանը որոշել է. «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2013 թվականի հոկտեմբերի 03-ի որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետի կիրառմամբ ամբաստանյալ Էդիտա Ալիխանյանին ազատել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 21.06.2016թ. որոշմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժից: Ամբաստանյալ Էդիտա Արծրունի Ալիխանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացնել»:
Դատական այս ակտը մտել է օրինական ուժի մեջ: Այժմ Էդիտան մեծացնում է անչափահաս որդուն, և կարծես երեխային մորից բաժանելու վտանգն անցյալում է: