Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն շուրջ 2 տարի շարունակվում է զինված բանդայի գործով դատարավարությունը: Սակայն վերջին շրջանում գործի քննությունը փակուղի է մտել. վերջին 4 նիստերը հետագձվել են տարբեր պատճառներով, իսկ մինչ այդ էլ ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները բոյկոտում էին՝ պահանջելով արդար դատաքննություն կատարել:
Մեզ հետ զրույցում բանդայի պարագլուխ համարվող Ռաֆայել Հարոյանի պաշտպանը հայտնել էր, որ նա որևէ կապ չունի այս գործի հետ: Այս գործի հետ գրեթե առնչություն չունի նաև Հայկ Կոջոյանը. պնդում է վերջինիս պաշտպան Արմեն Ֆերոյանը:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Արմեն Ֆերոյանը նշեց, որ Հայկը որևէ կապ չունի«3-րդ մասի չենջի» վրա հարձակման հետ: Այնինչ, նախաքննական մարմնի պնդմամբ, Հայկը ոչ միայն մասնակցել է զինված ավազակային հարձակմանը, այլև պատահմամբ հրազենային վնասվածք է ստացել.
«Երկու կրակոց է արձակվել ու դրանցից մեկը, չգիտենք ինչպես, կպել է իմ պաշտպանյալի ձեռքին. գնդակը նրա ձեռքից դուրս է եկել ու մտել է հանգուցյալի որովայնը: Հիմա ես հարց եմ բարձրացնում. իսկ ինչու՞ իմ պաշտպանյալի գեթ մեկ կաթիլ արյունը չի հայտնաբերվել ոչ դեպքի վայրից, ոչ գնդակի վրայից, ոչ էլ հանգուցյալի հագուստների վրայից»,- ասաց Արմեն Ֆերոյանը:
Իսկ այն հարցին, թե այդ վնասվածքը Հայկն ինչպե՞ս է ստացել, պաշտպանը պատասխանեց, որ Հայկը ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատաքննության ընթացքում ցուցմունքներ չի տվել, սակայն գործն օբյեկտիվ քննելու պարագայում ցուցմունքներ կտա: Իսկ վնասվածքի վերաբերյալ փորձագետը հստակ եզրակացություն չի տվել՝ նշելով, որ կարող է այն լինել հրազենային վնասվածք:
Սակայն ամբաստանյալներից Գոհար Գասպարյանն իր ցուցմունքում հայտնել է, որ երբ իրենց տանը վիրակապելիս են եղել Հայկի վնասվածքը, տղաները նախ ասել են, որ կռիվ են արել ու այդ ժամանակ է վնասվածք ստացել: Իսկ հետո խոսքները փոխել են, ասել, թե «չենջ»-ի վրա հարձակման ժամանակ է եղել:
Արմեն Ֆերոյանը նշում է, որ Հայկը «չենջ»-ի վրա հարձակման հետ կապ ունի այնքանով, որ, համաձայն Կարենի տված ցուցմունքի, երեքով՝ ինքը, Հայկն ու Ռաֆայելը որոշած են եղել գողություն կատարել, սակայն վերջին պահին Կարենը այլ անձի հետ է մտադրությունն իրականացրել:
Փաստաբանի խոսքով, Հայկի մեղադրանքի հիմքում գործով ամբաստանյալներից Տիգրանի ցուցմունքն է, ով իմացել է, որ երեքով զինված հարձակում կատարելու մտադրություն ունեն, սակայն հետագայում չեն ասել նրան, որ Հայկն ու Ռաֆայելը Կարենի հետ չեն եղել:
Արմեն Ֆերոյանի խոսքով, այս գործի քննությունը փակուղուց դուրս բերելու միակ ելքը դատախազի կողմից համապատասխան քայլեր կատարելը պետք է լինի՝ օբյեկտիվ քննության համար: Մասնավորապես, պետք է հարցաքննվի «Ջունգ» մականունով անձը, ով, Կարենի ցուցմունքի համաձայն, իր հետ է եղել ավազակային հարձակման ժամանակ:
Իսկ թե ինչու դատախազը համապատասխան քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ (Կարենի տված ցուցմունքից շուրջ 4 ամիս է անցել արդեն), Արմեն Ֆերոյանը պատասխանեց. «Ես կարծւմ եմ, որ իրենք չեն ուզում երկրորդ անգամ ընդունել, որ սխալվել են ու սխալ մարդկանց են կալանավորել: Այս գործով մի քանի ամիս այլ անձ է եղել կալանքի տակ, հետո վարույթն իրականցնող մարմինները պարզել են, որ նա չէ հանցագործը ու ազատ են արձակել»:
Փաստաբանը նշեց նաև, որ այս գործով մի արատավոր երևութի էլ են առնչվել. ապացույցները հարմարեցվում են անձնաց մեղադրելու համար. «Վկաներն ի սկզբանե այլ ցուցմունք էին տալիս, գոնե հանգուցյալի ցուցմունքները չեն կարողացել փոխել՝ բոյով էր, նիհարավուն, սպիտակ «վադալասկայով»: Բայց Հայկենց հագուստները սև են եղել, երբ գնացել են Գոհարիկենց տուն՝ վերքը վիրակապելու համար: Նրանց վրա այդպես նկարագրված հագուստ չի էլ եղել: Գործի քննության ընթացքում բոլորի ցումցունքներըը բեկումնային փոխվում են»: