Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

3-րդ մասի «չենջ»-ից 2.5 միլիոն ռուբլի էր գողացել Ջունգի հետ. ամբաստանյալը խոստովանական ցուցմունք տվեց

Բանդայի կազմում զինված հարձակումներ, առանձնապես խոշոր չափերի  հափշտակություններ և սպանություն կատարելու գործով այսօրվա դատակն նիստին ցուցմունք տվեց նաև ամբաստնյալ Կարեն Վարդանյանը, ում մեղադրանք է առաջադրված բանդիտիզմի, ապօրինի զենք կրելու և օգտագործելու, ավազակության և սպանություն կատարելու համար: Դատարանում հայտնեց, թե իրեն առաջադրված մեղադրանքներում իրեն մասնակի է մեղավոր ճանաչում՝ ավազակության և ապօրինի զենք կրելու և օգտագործելու մասով:

Դատարանում Կարենը հայտնեց, որ ինքը, Ռաֆայելն ու Հայկը վաղուց են մտադրություն ունեցել՝ գողություն կատարելու, քանի որ երեքն էլ ֆինանսական խնդիրներ են ունեցել: Սակայն անընդհատ հետաձգվել է՝ տարբեր նպատակներով: Իսկ 2013 թվականի հունվարի 12-ին, երբ հանդիպել է Հայկին ու Ռաֆայելին, ասել են, թե այդ օրն էլ չի ստացվի, քանի որ «բազառ» կա ու մարդ պիտի տեսնեն: Նրանց հետ վիճել է ու հեռացել: Իրենց տան մոտ հանդիպել է ծանոթներից Վահան անունով մի տղայի, խոսել են իրենց խնդիրների մասին, ինքն առաջարկել է տարադրամի փոխանակման կետից գողություն անել, համաձայնել է:

Վահանի հետ միասին «Նիվա» մեքենայով (որն օգտագործելիս են եղել ինքը, Ռաֆայելն ու Հայկը ու վերցրած են եղել Տիգրանից), գնացել են Շենգավիթ համայնքում գտնվող տարադրամի փոխանակման կետը, ինքը Վահանին 100 դոլարանոց է տվել՝ մանրելու համար: Մանրելուց հետո հեռացել են ու վերադարձել մոտ 20 րոպե հետո՝ դիմակներով,  իր մոտ ատրճանակ է եղել, որը պահել է աշխատողի վրա՝ վախեցնելու համար, սակայն աշխատակիցը հարձակվել է իր վրա, ստիպված կրակել է ոտքերի ուղղությամբ, երկրորդ անգամ կրակելուց հետո աշխատակիցն ընկել է: Վահանն արդեն փողերը վերցրած է եղել ու միասին փախել են:

Արդեն մեքենայում Վահանի հետ վիճել են: Վահանը զայրացել է, թե խոստացել էիր միայն վախեցնել, բայց կրակեցիր, այնուհետև իր մոտ եղած 100 դոլարանոցի մանրը շպրտել է մեքենայում, ասել, թե մոռացի իմ մասին, ես քեզ հետ չեմ եղել: Դեպքից մոտ 2 ժամ հետո հանդիպել է Ռաֆայելին ու Հայկին: Հայկի ձեռքը վնասված է եղել, ինքն ասել է, թե հանգիստ եղեք՝ փող կա մոտս, բժշկի հարցը կարող ենք լուծել: Տղաների հարցին, թե որտեղից է իրեն գումարը, պատասխանել է, որ գողություն է կատարել ու մենակ է եղել: Այնուհետև զանգել են Տիգրանին, խնդրել բժիշկ գտնել: Նա էլ ասել է, թե եկեք Կոմիտասի տուն (բնակարանը, որը վարձակալած են եղել ինքն ու ամբաստանյալ Գոհարը):

Տիգրանենց վարձակալած բնակարանում է եղել նաև Գոհարի մայրը, ով էլ վիրակապել է Հայկին: Ավելի ուշ գնացել է «Ծողոտներ» ռեստորան: աղոտ է հիշում, թե ով որ ժամին է եկել, սակայն այնտեղ են եղել Հայկը, Ռաֆայելը, Գոհարը:

Նա հայտնեց նաև, որ տարադրամի փոխանակման կետից տարբեր արժույթների փողեր են վերցրած եղել, սակայն հիմնական մասը ռուբլի է եղել՝  շուրջ 2.5 միլիոն: Այդ ամբողջ գումարը Ռաֆայելի խնդրանքով ինքը տվել է Տիգրանին, իսկ թե հետագայում ինչ է եղել այդ գումարը, տեղյակ չէ:

Իսկ իր պաշտպան Թամարա Բաղդասարյանի այն հարցին, թե ով է իրականում Վահան անունով տղան, ում մասին առաջին անգամ է խոսվում գործի շրջանակներում, Կարեն Վարդանյանն ասաց, թե ազգանունը չգիտի, սական մականունը Ջունգ է, այժմ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում է, հայրն էլ վանաձորցի Քյարամն է:

Կարենը խնդրեց իր հարցաքննությունը շարունակել հաջորդ նիստի ժամանակ: Նիստը նշանակվեց սեպտեմեբրի 17-ին:

Նշենք նաև, որ համաձայն մեղադրականի՝ նա 2012 թվականի դեկտեմբերից մասնակցել է Երևանում տարադրամի փոխանակման կետերի և դրանցում աշխատող անձանց վրա հարձակվելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերին Ռաֆայել Հարոյանի ստեղծած և վերջինիս կողմից անձամբ ղեկավարած կազմակերպված զինված խմբին՝ բանդային, որի կազմում ընդգրկված են եղել նաև Տիգրան Հովհաննիսյանն ու Հայկ Կոջոյանր։

Ռաֆայել Հարոյանի նախաձեռնությամբ ձևավորված և անմիջականորեն նրա ղեկավարմամբ գործած կազմակերպված զինված հանցավոր խմբի անդամներր՝ կայուն անփոփոխ հանցակիցների կազմով, մանրակրկիտ ծրագրված եղանակով, ինչպես նաև՝ խմբի անդամների փոխադարձ սերտ համագործակցությամբ, առաջնորդվելով Ռաֆայել Հարոյանի դերաբախշմամբ իրենց վերապահված դերակատարման և ստանձնած պարտականությունների շրջանակներում, Երևան քաղաքում գտնվող տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու վերաբերյալ ունեցած նախնական համաձայնության շրջանակներում նախատեսած՝ իրենց հանցավոր նպատակներն իրականացնելու համար, ապօրինի կերպով ձեռք են բերել 12մմ տրամաչափի «Վինչեստր» տեսակի որսորդական ողորկափող հրացան՝ համապատասխան փամփուշտներով, հրազեն հանդիսացող՝ 7,62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի ատրճանակ ու դրա համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաներ, դիմակներ, հետևել են տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցների տեղաշարժին, ընտրել վերջիններիս վրա հարձակում կատարելու համար առավել նպաստավոր վայրեր։

Կազմակերպված զինված խմբի՝ բանդայի անդամների ավազակային հարձակումներր չեն սահմանափակվել միայն կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ առողջությանը ծանր վնաս պատճառելով, այլ խմբի անդամներից Կարեն Վարդանյանը, հանցակիցների սահմանազանցմամբ, կատարել է նաև սպանություն, որը չի ընդգրկվել խմբի մյուս անդամների դիտավորությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել