Զինված խմբով ավազակային հարձակումներ կատարելու մայր գործիոց առանձնացված «Հայբիզնեսբանկից» շուրջ 1 միլիոն դրամ հափշտակելու դրվագով գործի քննությունը մոտենում է ավարտին: Այսօրվա դատական նիստին շարունակվեցին պաշտպանական ճառերը:
Գործով ամբաստանյալներից Գոհար Գաբրելյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն իր պաշտպանական ճառում հայտնեց, որ իր պաշտպանյալը բնութագրվում է դրական, նախկինում դատված չէ, ամուսնալուծված է և իր խնամքին ունի 6-ամյա երեխա: Նաև իր մեղքն ընդունել է, զղջացել է և համագործակցել է նախաքննական մարմնի հետ՝ հանցագործության բացահայտման համար: Պաշտպանի խոսքով, մեղադրող կողմը միջնորդելով 5.5 տարվա ազատազրկում՝ հաշվի չի առել այս հանգամանքները:
Է. Աղաջանյանը պաշտպանական ճառին կցել էր նաև հետաքրքիր հաշվարկ, համաձայն որի, յուրքանչյուր կին դատապարտյալի համար պետական բյուջեից օրական հատկացվում է 6020 դրամ, և 5.5 տարվա ազատազրկման դատապարտելու դեպքում պետբյուջեից նրան պահելու համար պետք է հատկացվի ավելի քան 12 միլիոն դրամ, ինչի հետևանքով կտուժի և նրա մանկահասակ երեխան, և հասարակությունը, որն իր գրպանից հարկեր է վճարում:
Պաշտպանը միջնորդեց Գոհար Գաբրիելյանին պատւժ նշանակել չորս տարվա ազատազրկում և կիրառել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ պայմանական չկիրառելով պատիժը, քանի որ նրան առանց հասարակությունից մեկուսացնելու հնարավոր է ուղղել:
Նշենք, որ Գոհար Գաբրիելյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում, «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտաji և նրա ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի հետ նախնական համաձայնությամբ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 73.169.992 դրամին համարժեք 119.900 ԱՄՆ դոլար և 23.923.795 դրամ։
Այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Մնացական Սարգսյանի պաշտպան Լիանա Գրիգորյանը: Նա իր խոսքում նշեց, որ այս գործով Մնացականը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ գործով էլ միայն բացառվում է նրա առնչությունը այդ արարքին, գործում չկան նրա դեմ ապացույցներ: Նա միայն Տիգրանի խնդրանքով մոտեցել է բանկային մասնաճյուղ, և Էդիտայից գումար է ստացել, բազմիցս Տիգրանին հարցրել է, թե արդյո՞ք վտանագավոր բան չկա, պատասխան ստացել՝ չկա, արտերկրից փոխանցումներ են: Եթե իմանար որ վտանագվոր խաղի մեջ է մտնում, իր հարազատ եղբորը չէր դիմի, որ նա նույնպես իր անձնագրով գնա և գումար ստանա:
Ինչ վերաբերում է նրան, որ ապօրինի կերպով ձեռք է բերել, իր մոտ պահել, ապա՝ ապօրինի իրացրել է զենք և ռազմամթերք, Լիանա Գրիգորյանը հայտնեց, որ այս մեղադրանքի հիմքում միայն Գոհար Գաբրիելյանի ցուցմունքն է: Եվ նա դատարանում հայտնել է, որ այս ցուցմունքը իրականում իրենից կորզել է նախաքննական մարմինը: «Առաջադրել մեղադրանք՝ չունենալով ապացույց, դարձել է արտավոր պրակտիկա»,- Լիանա Գրիգորյանը նշեց, որ Մնացականն իր չարած արարքի համար արդեն իսկ պատժվել է՝ 2.5 տարի անազատության մեջ մնալով:
Նա խնդրեց իր պաշտպանյալին արդարացնել, իսկ եթե դատարանն, այնուամենայնիվ, կգտնի, որ հիմնավոր է առաջադրված մեղադրանքը, ապա մեղմ պատիժ նշանակել՝ հաշվի առնելով նրա դրական բնութագիրը, նախկինում դատված չլինելը, խնամքին մանկահասակ երեխա և ծնողներ ունենալը, և կիրառել Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝ ազատազրկման ձևով պատիժը պայմանակորեն չկիրառելու վերաբերյալ: Նշենք, որ մեղադրողը միջնորդել է Մնացականի հանդեպ 6 տարվա ազատազրկում նշանակել:
Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Մնացական Սարգսյան օժանդակել է 2012 թվականի նոյեմբերի 19-ից 2013 թվականի մարտի 7-ն րնկած ժամանակահատվածում «Հայբիզնեսբանկ» ՓԲ րնկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտայի և նրա ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 46.788.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլարի և 5.970.000 ՀՀ դրամի հափշտակությանր, ինչպես նաև 2012 թվականի դեկտեմբեր ամսին, ապօրինի կերպով ձեռք է բերել, իր մոտ պահել, ապա՝ ապօրինի իրացրել է զենք և ռազմամթերք:
Այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ նաև ամբաստանյալ Մառլեն Մուրադյանը: Նա իր խոսքում հայտնեց, որ զղջում է կատարվածի համար, ինքը որևէ շահ չի հետապնդել և շահույթ էլ չի ստացել այդ ամենի հետևանքով, դրական է բնութագրվում, իր խնամքին ունի 1.5 տարեկան երեխա, և խնդրում է պատիժ նշանակելիս իր հանդեպ համաներում կիրառել: Համաձայն մեղադրանքի՝ նա, օժանդակել է 2012 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2013 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտայի և նրա ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝ 65.858.153 ՀՀ դրամին համարժեք 147.740 ԱՄՆ դոլարի և 5.505.000 ՀՀ դրամի հափշտակությանը: Մեղադրողը միջնորդել էր նրա հանդեպ պատիժ նշանակել 4.5 տարվա ազատազրկում:
Մառլեն Մուրադյանը դատարանին ներկայացրեց նաև բանկից փաստաթուղթ, որ քաղաքացիական հայցով պահանջված գումարը ամբողջությամբ վճարել է և բանկը իր նկատմամաբ պահանջ չունի: Մյուս ամբաստանյալների պաշտպանները խնդրեցին քաղաքացիական հայցը թողնել առանց քննության, որպեսզի հետագայում քաղաքացիական գործի շրջանակներում այն քննվի:
Ինչպես նախորդ նիստերին, այս դատական նիստին նույնպես ամբաստանյալ Տիգրան Հովհաննիսյանը հրաժարվել էր ներկայանալ դատական նիստին, թեև քրեակատարողական հիմնարկից բերվել էր դատարան: Նրա պաշտպան Լիանա Գասպարյանին դատարանը ժամանակ տրամադրեց նորից տեսնվելու նրա հետ և տեղեկանալու՝ արդյո՞ք չի ցանկանում ներկա գտնվել, պաշտպանական ճառով և վերջին խոսքով հանդես գալ: Կարճատև ընդմիջումից հետո պաշտպանը հայտնեց, որ Տիգրան Հովհաննիսյանը հրաժարվել է ներկայանալ:
Այնուհետև դատարանը լսեց ամբաստանյալների վերջին խոսքը: Էդիտան ու Գոհար Գաբրիելյանն խնդրեցին մեղմ լինել, Մառլենն ու Մնացականը ոչինչ չասացին: Հաջորդ դատական նիստին իր վերջին խոսքը կասի ամբաստանյալ Վահե Ստեփանյանը, այնուհետև դատարանը կանցնի խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ ընդունելու: