Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ջունգը» բանդայի գործով դատարան չի բերվի

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց զինված բանդայի գործով  դատավարությունը: Ինչպես հայտնել էինք նախորդ դատական նիստին պաշտպանական կողմը մի շարք միջնորդություններ էր արել, որոնց վերաբերյալ այս դատական նիստին մեղադրողն իր դիրքորոշումը հայտնեց:

Բացառությամբ Քաջազնունի փողոցում տեղազննություն կատարելու միջնորդությունից, որի դեպքում ասաց, որ թողնում է դատարանի հայեցողությանը, մյուս բոլոր միջնորդությունների դեմ նա առարակեց: Մասնավորապես, նա դեմ էր «Ջունգ» մականունով դատապարտյալին  դատարանում հարցաքննությանը: Այս դեպքում մեղադրողը հայտնեց, որ անհասականալի է, թե դատապարյալ Ջունգը  ինչ դատավարական կարգավիճակով պետք է հարցաքննվի, և ցանկացած դեպքում կարող է իրավունքի խախտում լինել:

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Կարեն Վարդանյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ «3-րդ մասի չենջի» վրա հարձակումը, որի ժամանակ սպանվել էր աշխատակից Հակոբ Մկրտչյանը, կատարել են երկուսով՝ Ջունգի հետ: Պաշտպանական կողմը բազմիցս էր բարձրաձայնում, որ Ջունգի ինքնությունը պետք է պարզվի և նա պետք է հարցաքննվի դատարանում:

Մեղադրողը նաև առարկեց գործով տուժող Հակոբ Մկրտչյանի դիակի դատաբժշկական կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու, ինչպեսև փորձագետներին դատարանում հարցաքննելու միջնորդությունների դեմ:

Դատարանը կողմերի դիրքորոշումները լսելուց հետո անցավ խորհրդակցական սենյակ և շուրջ 30 րոպե անց հրապարկեց միջնորդությունների վերաբերյալ որոշումները: Այսպիսով, դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի,  մերժեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի երկու միջնորդությունները՝ «Արթիկ» ՔԿ դատապարտյալ «Ջունգ» մականունով Վահան Գալստյանին դատարանում հարցաքննելու և տուժող Բաբկեն Հովհաննիսյանի ներկայությամբ դեպքի վայրում զննություն կատարելու վերաբերյալ:

Դատարանը պաշտպան Թամարա Բաղդասարյանի միջնորդությունը բավարարվեց մասնակիորեն և նշանակվեց դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն: Փորձագիտական հանձնաժողովը պետք է պատասխանի հրազենային վնասվածքի և մահվան պատճառահետևանքային կապին վերող մի շարք հարցերի: Նշենք, որ Թ. Բաղդասարյանը այսօրվա դատական նիստին էլ հայտնեց, որ Հակոբ Մկրտչյանը հրազենային վնասվածք ստացել էր ոչ կենսական օրգաններին և վիրավորում ստանալուց հետո 8 օր ապրել է: Եվ չի բացառվում, որ բժշկական պատշաճ միջամտությունների դեպքում նրա կյանքը փրկվեր: Հիվանդության պատմագրում նշվել է, որ Հակոբ Մկրտչյանը սեպսիս (արյան վարակում) է ունեցել:

Ի դեպ, տուժողի իրավահաջորդ, Հակոբ Մկրտչյանի եղբայրն այսօր դատարանում, պատասխանելով Թամարա Բաղդասարյանին, ասաց, որ իր եղբայրը վիրավորում ստացել է ազդրին, իսկ զիստային զարկերակը կարևոր կենսական օրգան է. «Իմ եղբայրը 4 լիտր արյուն էր կորցրել: Ու եթե չլիներ բժիշկների հոգատարությունը, նա ոչ թե 8 օր, այլ 8 ժամ չէր ապրի: … Մահվան պատճառը Ձեր կողքին նստած է, բժիշկների մեջ պատճառ մի փնտրեք»,- նա նաև ասաց, որ հանրապետության լավագույն բժիշկներն են իր եղբորը հետազոտել, կոնսիլյումներ են կազմակերպվել, և հնարավոր ամեն ինչ արվել է եղբորը փրկելու համար:

Դատարանը մասնակիորեն բավարարեց նաև պաշտպան Արմեն Ֆերոյանի միջնորդությունները. դատարան կկանչվի դատաբժշկական փորձագետ Ա. Խաչատրյանը՝ հարցաքննվելու համար, մյուս երկու փորձագետների հարցաքննվելու մասով միջնորդությունը մերժվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել