Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվեց Ռաֆայել Հարոյանի և մյուսների գործով դատական նիստը` Արշակ Վարդանյանի նախագահությամբ:
Նիստը սկսվեց ուշացումով և պարզվեց, որ հերթական անգամ նիստը պետք է հետաձգվի, քանի որ ամբաստանյալ Գոհար Գաբրիելյանի hանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը չէր հասցրել ծանոթանալ գործի քննությանը: Դատավորը նրան տրամադրեց մեկ շաբաթ` գործին ծանոթանալու համար, որին ի պատասխան պաշտպանը առարկեց, նշելով որ չի հասցնի այդ ժամկետում. «Իմ գործերը հաշվի առեք, որ շատ են, ես ի վիճակի չեմ մի շաբաթում ծանոթանալ այս մեծ գործին. մինիմում 15 աշխատանքային օր»,- ասաց փաստաբանը:
Դատավորը քննարկումից հետո որոշեց բավարարել միջնորդությունը և գործի վարույթը հետաձգել մինչև սեպտեմբերի 10-ը:
Հիշեցնենք, որ ամբաստանվում էին 9 անձիք՝ բանդայի կազմում զինված հարձակումներ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ և սպանություն կատարելու համար: Համաձայն մեղադրական եզրակացության, ամբաստանյալ Էդիտա Ալիխանյանը, աշխատելով որպես «Հայբիզնեսբանկ»-ի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ և հասանելիություն ունենալով ավանդատուների բանկային տվյալներին, իր լիազորությունները հիշյալ ընկերության շահերին հակառակ օգտագործելով, ամուսնու` Տիգրանի հետ համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակել է 723.940 ԱՄՆ դոլար և 83.668.795 ՀՀ դրամ, ինչի հետևանքով բանկի համար առաջացել են ծանր հետևանքներ:
Ռոզա Վարդանյան