Բանդայի կազմում սպանության, ավազակության և առանձնապես խոշոր չափերի հափշտակությունների գործով դատարանի որոշմամբ՝ մաս է անջատվել. այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը, ով այս գործով պաշտպանում է բանդայի պարագլուխ համարվող Ռաֆայել Հարոյանի իրավունքներն ու շահերը: Դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, այս որոշումը հիմնավորել է գործի քննության ողջամիտ ժամկետը չխախտելու մտահոգությամբ:
Փաստաբանն այս որոշումը դրական է համարում, քանի որ, ըստ էության, «3-րդ մասի» տարադրամի կետի վրա ավազակային հարձակման, սպանության և «Հայբիզնեսբանկից» շուրջ 1 միլիոն դոլար հափշտակելու դրվագները միմյանց հետ կապ չունեն. «Երբ քննվում էր բանկի մասով դրվագները, այն մեզ չէր վերաբերում, երբ քննվում էր բանդիտիզմի դրվագը, նրանց չէր վերաբերում, և կարծես գործի քննությունը ձգձգվում էր»:
Այսուհետ՝ մայր գործով կշարունակվի բանդիտիզմի, ավազակությանն առնչվող մեղադրանքների մասով քննությունը. այս գործով ամբաստանյալներն են Ռաֆայել Հարոյանը, Տիգրան Հովհաննիսյանը, Հայկ Կոջոյանն ու Կարեն Վարդանյանը:
Իսկ գործի անջատված մասով քննություն կկատարվի համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեղադրանքների մասով: Այս մասով ամբաստանյալներն են Տիգրան Հովհաննիսյանը, նրա կինը՝ Էդիտան, Գոհար Գաբրիելյանը, Մառլեն Մուրադյանը, Վահե Ստեփանյանը:
Լիպարիտ Սիմոնյանը նշեց նաև, որ դատարանը մասնակիորեն բավարարել է իր նախորդ նիստերից մեկի ժամանակ կատարված միջնորդությունն այն մասին, որ պետք է քրեական գործ հարուցվի ամբաստանյալներից Գոհար Գաբրիելյանի դատարանում տրված ցուցմունքների հիման վրա: Դատարանը նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ այդ ցուցմունքների հիման վրա քրեական գործ հարուցելու համար:
Նշենք, որ Գոհար Գաբրիելյանը հայտարարել էր, որ նախաքննության ընթացքում իրեն, մորը ու իր երեխային ոստիկանություն տանելուց հետո տասն օր պահել են հատուկ վայրում, իր նկատմամբ ճնշումներ են գործադրվել և ինքը ստիպված է եղել խոստովանական ցուցմունքներ տալ: