Մահվանից առաջ զինվորի պատիվն ու արժանապատվությունը ստորացրել են

Ժամկետային զինծառայող Գևորգ Ասոյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն զորամասի ժամկետային զինծառայող Մ.Մելիքյանին։

Քննչական կոմիտեից մեզ հաղորդում են, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանի դին հայտնաբերվել է 01.04.2016թ.՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվել և շարունակվում են կատարվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով։

Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում՝ մարտի 29-ին, ապրիլի լույս 1-ի գիշերը Գ.Ասոյանին վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը ստորացրել է նույն զորամասի մեկ այլ զինծառայող, շարքային Մ.Մելիքյանը։

Վերջինիս ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ)։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել