Փետրվարի 24-ին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարության գնահատման խմբի անդամներ Ջանել Քուրոդային և Ռուշանի Մանսուրին, ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանին և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանին:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար Աննա Վարդապետյանը և ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական Անի Դանիելյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին պատժական քաղաքականության, արդարացման դատական ակտերի, դատարանների նկատմամբ վստահության, նախադեպային իրավունքի ձևավորման և դրա կիրառության խթանման, մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության հետ կապված մի շարք հարցեր:
Մեջբերելով 2015 թվականին 157 անձի արդարացման վերաբերյալ վիճակագրական տվյալները՝ Դավիթ Ավետիսյանն ընդգծեց, որ իրենց իրավունքների պաշտպանության բոլոր եղանակներից մեր քաղաքացիներն առավել հաճախ ընտրում են դատական պաշտպանության եղանակը, ինչը վկայում է դատարանների նկատմամբ հանրության վստահության աճի մասին: Դատարանների նկատմամբ հանրության վստահության աճը պայմանավորված է նաև դատարանների աշխատանքների հրապարակային բնույթով: Այս կապակցությամբ քրեական պալատի նախագահը կարևորեց ԴատաԼեքս դատական-տեղեկատվական համակարգի (www.datalex.am) աշխատանքը և բոլորովին վերջերս դրանում կատարված բարեփոխումները:
Դավիթ Ավետիսյանն ընդգծեց, որ հրապարակայնությունը կոռուպցիայի դեմ պայքարի և դատական էթիկայի բարձրացման գործուն միջոց ու լուրջ երաշխիք է:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ՀՀ դատական համակարգի առջև ծառացած մարտահրավերները, առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները: Շեշտադրելով ամերիկյան գործընկերների հետ արդյունավետ աշխատանքի նախորդ տարիների փորձը՝ քրեական պալատի նախագահը կարևորեց դրա շարունակականության ապահովումը:
Այս մասին տեղեկանում ենք Դատական դեպարտամենտից: