ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքի առթիվ:
2016 թվականի հունվարի 20-ին՝ ժամը 01:40-ին, ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար, Երևան քաղաքի բնակիչ Վ.Ազարյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն:
ՃՈ համակարգչային բազա նշված արձանագրությունը մուտքագրելիս պարզվել է, որ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար Վ.Ազարյանի նկատմամբ նախկինում ևս կազմվել են արձանագրություններ, որոնց հիման վրա նա 26.05.2015թ. զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամանակով:
Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, բավարար հիմքեր և քրեական գործ հարուցելու օրինական առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ի գիտություն վարորդների՝
ՀՀ քրեական օրենսգրքում կատարվել է փոփոխություն և լրացում, համաձայն որի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը համարվում է հանցագործություն։
2016 թվականի հունվարի 11-ին ուժի մեջ մտած փոփոխություններով մասնավորապես սահմանվում է.
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը
1. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
2. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածով սահմանված ոչ սթափ վիճակը որոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 126-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ Քննչական կոմիտեից: