Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատարկ բլանկների տակ ստորագրել եմ, հետո քննիչը տպել է ցուցմունքը. բանդայի գործով ամբաստնյալ

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց բանդայի կազմում զինված հարձակումներ, առանձնապես խոշոր չափերի  հափշտակություններ և սպանություն կատարելու մեջ մեղադրվող 9 ամբաստնյալների գործը: Ամբաստնյալներից երկուսը՝ ամուսիններ Էդիտան և Տիգրանը նիստերի դահլիճ չեն ներկայացվում, քանի որ սանկցիա է կիրառված նրանց հանդեպ՝ 10 ժամով հեռացնել նիստերի դահլիճից:

Նախորդ նիստերից մեկի ժամանակ ամբաստնյալները հրաժարվել էին ներկա լինել դատավարությանը՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով գործի քննության վերաբերյալ: Որպես դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դատարանը սանկցիա էր կիրառել: Այսօրվա դատական նիստին Էդիտայի պաշտպան Սիմոն Ամիրխանյանը միջորդեց իր պաշտպանյալին թույլ տալ մասնակցել նիստին, միջնորդությունը բավարարվեց: Սակայն Էդիտայի ամուսնու վերաբերյալ նրա պաշտպանը հայտնեց, թե Տիգրանը դեռևս չի ցանկանում նիստերին մասնակցել:

Դատարանում այսօր հարցաքննվեց ամբաստանյալ Մնացական Սարգսյանը: Նրան մեղադրանք է առաջադրված հափշտակություն կատարելուն օժանդակելու և ապօրինի զենքի իրացման համար: Մեղադրանի համաձայն՝ նա օժանդակել է 2012 թվականի նոյեմբերի 19-ից 2013 թվականի մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում «Հայբիզնեսբանկ»-ի գործառնական վարչության հաճախորդների սպասարկման բաժնի մասնագետ էդիտայի և նրա ամուսնու՝ Տիգրան Հովհաննիսյանի կողմից նախնական համաձայնությամբ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Բանկի հետ երկարաժամկետ ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուների հաշվեհամարներից առանձնապես խոշոր չափերի՝  100.000  դոլարի և  6մլն  դրամի հափշտակությանը, ինչպեսև 2012 թվականի դեկտեմբեր ամսին ապօրինի կերպով ձեռք է բերել, իր մոտ պահել, ապա՝ ապօրինի իրացրել է զենք և ռազմամթերք:

Մնացականը դատարանում հայտնեց, թե իրեն առաջադրված հոդվածներում իրեն մեղավոր չի ճանաչում և որևէ առնչություն չունի այս գործի հետ: Ավելին՝ ասաց, թե կալանավորվելուց հետո արդեն քրեակատարողական հիմնարկում երբ ծանոթացել է գործի նյութերին, տեսել է, որ իր ցուցմունքներում քննիչի կողմից ներառվել են տեղեկություններ, որոնք ինքը չի հայտնել:

Նրա խոսքով, ինքը շուրջ 3-4 տարի է, ինչ ճանաչում է Տիգրանին, ում հետ ծանոթացել է ավտոմեքենաների առուվաճառքի պատրվարկով. ինքը մեքենաներ է վաճառել Տիգրանին: Տիգրանն էլ իրեն ծանոթացրել է գործով բանդայի պարագլուխ Ռաֆայելի ու ամբաստնյալներից Հայկի հետ: Նա ճանաչել է նաև ամբաստանյալ Գոհար Գաբրիելյանին, ով եղել է Տիգրանի մտերմուհին (գործի նյութերի համաձայն՝ միասին բնակարան են վարձակալած եղել, ինտիմ հարաբերություններ են ունեցել): Սակայն նրանց վարձակալած բնակարանում երբեք չի եղել, երբեք չի տեսել նաև Գոհարի մորը: Հերքեց նաև հանգամանքը, թե երբևէ զենք է վաճառել Տիգրանին:

Հայտնեց, որ մի անգամ 2013-ի հունվարին Տիգրանն իրեն կանչել է «Ծղոտներ» ռեստորան, ինքն այնտեղ է գնացել ու մնացել 20-30 րոպե, այնուհետև վերադարձել է տուն: Ռեստորանում հանդիպել է Ռաֆայելին, Հայկին, Տիգրանին, այլ անձիք չեն եղել:

Իսկ ահա Մնացականի նախաքննական ցուցմունքում նշվում է, թե ինքը մի քանի անգամ է եղել Տիգրանի ու Գահրիկի վարձակալած բնակարանում: Իսկ «Ծղոտներ» գնալու օրն էլ, մինչ ռեստորան գնալը այդ բնակարանում է եղել, որտեղ եղել են նաև Հայկը, Ռաֆայելն ու Կարենը (դատարանում Մնացականը պնդեց, թե Կարենին ճանաչելիս չի եղել), Գոհարը, նրա մայրը:  Նկատել է, որ Հայկի ձեռքը արյունահոսում է: Իսկ հաջորդ օրն էլ Տիգրանից հետաքրքրվել է, թե ինչ է եղել Հայկի ձեռքին ու Տիգրանն էլ ասել է, թե գողության են գնացել ու դեպքի ժամանակ է վնասվել:

Մնացականը դատարանում հայտնեց, որ ցուցմունքի հիշյալ հատվածները քննիչի կողմից է ավելացված: Ավելին նա հայտարարեց, որ նախաքննության փուլում, երբ հարցաքննվել է, իր ձեռքը «գիպսի մեջ է եղել» ու գրել չի կարողացել, 3-4 հատ դատարակ բլանկների տակ միայն ստորագրել է, այնուհետև քննիչը դրանց վրա տպել է ցուցմունքը:

Երբ դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, խնդրեց ցույց տալ գործի նյութերում առկա ցուցմունքներն ու դրանցում ձեռագրով արված նշումները, Մնացականը նայեց ու հայտնեց, որ նշումներն իր ձեռագրով չեն արված. «Ստորագրությունն իմն է, գրածները՝ չէ»:

Ինչ վերաբերում է փողերի հափշտակությանը, ապա Մնացականը հայտնեց, որ Տիգրանն իրեն է խնդրել գնալ բանկ և գումար ստանալ, սակայն իր անձնագրի ժամկետն անցած է եղել ու ասել է, որ հարազատ եղբորը կխնդրի դա անել՝ վստահ լինելով, որ որևէ անօրինական բան չկա դրա մեջ, քանի որ Տիգրանն ասել է, թե արտերկրից է գումարն ուղարկվել. «Եթե ես իմանայի, կարո՞ղ է հարազատ ախպորս ասեի՝ աներ»:

Մնացականի հարցաքննությունից հետո պետք է հարցաքննվեր Ռաֆայել Հարոյանը, ով, սակայն, հայտնեց, թե ցուցմունք կտա ու կպատասխանի կողմերի հարցերին միայն բոլոր ամբաստնյալների հարցաքննվելուց հետո: Ամբաստանյալ Հայկ Կոջոյանն էլ հրաժարվեց ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց: Իսկ նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը հայտնեց, թե այս գործի նախաքննությունը կատարվել է թերի և խախտումներով, իրենք պատրաստվում են մի շարք միջնորդություններ կատարել՝ փորձաքննություններ նշանակելու, փորձագետներ հարցաքննելու և այլ հարցերի վերաբերյալ: Եվ հավանական է դատաքննության որևէ փուլում իր պաշտպանյալը ցուցմունք կտա:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել