Տարանցվող ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով կարող են տեղափոխվել հետևյալ ձևերով` ա) պարզ տարանցում, բ) բարդ տարանցում:
ՀՀ կառավարության № 887 որոշման 12-րդ կետի համաձայն.
«Տարանցիկ փոխադրման պարզ ձևը կիրառվում է, երբ տարանցվող ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տեղափոխվում են այլ ապրանքներով չբեռնված տրանսպորտային միջոցներով, որոնք տեղափոխման ժամանակ չեն լրաբեռնվում կամ բեռնաթափվում»:
Մուտքի մաքսային մարմնում լրացվում է մաքսային հայտարարագիր` 3 օրինակից, որից 1-ը պահվում է մուտքի մաքսային մարմնում, իսկ մյուս 2 օրինակները տրվում են ապրանքներ տեղափոխող անձին, որը երկրորդ օրինակը պահում է իր մոտ, իսկ երրորդ օրինակը տարանցիկ փոխադրման ավարտի պահին ներկայացնում ելքի մաքսային մարմին: Հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագիրը, մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմին ներկայացվելուց և ընդունվելուց հետո մաքսային ձևակերպումներն իրականացվում են առավելագույնը երեք ժամվա ընթացքում:
Տրանսպորտային միջոցների տեղափոխման «բարդ տարանցում» ձևը կիրառվում է, երբ տարանցիկ փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցից տարանցիկ փոխադրման ընթացքում պետք է բեռնաթափվեն (կամ լրաբեռնվեն) տարանցիկ փոխադրում կամ այլ մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքներ:
Հայտարարատուն, ի թիվս հայտարարագրման ենթակա այլ տեղեկությունների, մաքսային հայտարարագրի համապատասխան սյունակում նշում է ելքի մաքսային մարմինը: Եթե նախատեսվում ՀՀ տարածքում տարանցվող ապրանքների փոխադրման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցի փոփոխություն, ապա հայտարարատուն մաքսային հայտարարագրում նշում է դրա մասին և միևնույն ժամանակ նշում է տրանսպորտային միջոցի փոփոխության վայրը:
Անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով տարանցիկ փոխադրումը սահմանված ժամկետում ավարտել չկարողանալու դեպքում ապրանքներ տեղափոխող անձը տարանցիկ փոխադրման համար սահմանված ժամկետի ընթացքում` գործող կարգի համաձայն տարանցվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները կարող է հանձնել տարանցման երթուղուն մոտ գտնվող ցանկացած մաքսային մարմին պատասխանատու պահպանության: