ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ հաստատվում է նախկին ԽՍՀՄ ԽՆԱՅԲԱՆԿԻ ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման կարգը:
Այսպես, փոխհատուցման վճարման ցուցակները ձևավորում և տպում է կազմակերպությունը՝ տարածքային կենտրոնների տրամադրած ամենամսյա տեղեկատվության հիման վրա` համաձայն տվյալ որոշման մեջ ներկայացված N 2 ձևի: Ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառելուց հետո ավանդատուի կողմից փոխհատուցումը 3 ամիս անընդմեջ չստանալու դեպքում` նրա անունը փոխհատուցման վճարման ցուցակում չի ներառվում: Ավանդատուի տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում չեն ներառվում, եթե նրա տվյալները կրկնակի են հաշվառված տեղեկատվական բազայում:
Եթե ավանդատուն մահացել է նրա տվյալները փոխհատուցման վճարման ցուցակում ներառվելուց և գումարը համապատասխան մարմնին փոխանցվելուց հետո, ապա մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա: Վճարման ցուցակում ներառվում են ժառանգին (ժառանգներին) տվյալները:
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետի պահանջի` այն անձանց տվյալները, ովքեր ժառանգել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ընթացքում զոհվածի անունով մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդը` ժառանգման զանգվածի մեջ մտած գումարի չափով, ներառվում են վճարման ցուցակ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածով սահմանված նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու ծրագրի 2-րդ կետի «ե» ենթակետի առաջնահերթությամբ` նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա:
Տարածքային կենտրոնը կազմակերպությունից վճարման ցուցակները և տիտղոսաթերթերը (N 3 ձև) ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում և հանձնում է «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վճարող կազմակերպություն :
Տարածքային կենտրոնը նախարարություն է ներկայացնում բյուջեի կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող հաշվետվությունները` տվյալ ծախսային ծրագրի մասով:
Առավել մանրամասն փոխհատուցման կարգին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության N 460-Ն որոշման դրույթներում: