«Խաղաղության երկխոսության» հկ-ի նախագահ Էդգար Խաչատրյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում մանրամասնել է «Քաղաքացիական վերահսկողությունը, որպես կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործիք» ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների մասին:
Ծրագիրը սկսել է մայիս ամսից. ինչպես ներկայացված էր նախնական ծրագրում՝ այն տևելու էր 4 ամիս և ավարվելու էր օգոստոսին:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում էր բացահայտել Վանաձոր քաղաքում տրանսպորտի ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը և ոլորտի գործունեության բարելամնանն ուղղված առաջարկների փաթեթ մշակել:
Վերջին տարիների ընթացքում Վանաձոր համայնքում սկսվել է ավելի շատ խոսվել քաղաքային տրանսպորտի հետ կապված խնդիրների մասին։ Մասնավորապես, այն, մի շարք երթուղիներում չեն կատարվում ՏԻՄ և երթուղիները սպասարկող ՍՊԸ-ների միջև պայմանագրով նախատեսված չվացուցակին համապատասխան երթերը:
Խնդիրներից է նաև այն, որ երթուղային տաքսիներում առկա են ոչ սանիտարահիգիենիկ պայմաններ, վարորդները հանրային փոխադրամիջոցը վարելու ընթացքում ծխում են, որոշ դեպքերում քաղաքացիներին տեղափոխում են հարբած, ալկոհոլ օգտագործած վիճակում և այլն։
Էդգար Խաչատրյանը մեզ հետ զրույցում նախ նշեց, որ ծրագիրն ըստ էության կայացած էր մի քանի փուլերից.
«Առաջին փուլում մենք ուսումնասիրում էինք, նամակների հիման վրա փորձում էինք պարզել, թե տրանսպորտի ոլորտում, որ կառույցն ինչի համար է պատասխանատու՝ հասկանալու համար, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կան թաքնված և ինչի վերաբերյալ կարելի է առաջարկություններ անել»:
ՀԿ-ի նախագահի խոսքով՝ նամակներից ստացված ինֆորմացիայի համաձայն՝ մշակել են նախնական փաթեթ, որն ուղարկվել է շահագրգիռ անձանց, Տրանսպորատային տեսչություն, Քաղաքապետարան՝ տրանպորտի վարչություն.
«Ստացել ենք նրանց պատասխանները, դրանց հիման վրա եթեր ենք հեռարձակել: Դրան զուգահեռ՝ մեր լրագրողները փորձում էին քաղաքացիների հետ զրուցել ու հասկանալ, թե տրանսպորտի ոլորտում ինչ խնդիրներ են նրանք տեսնում: Զրուցել ենք նաև պաշտոնյաների՝ այն մարդկանց հետ, ովքեր ոլորտում ներգրաված են. Հոդվածները կան և մեր կայքում, և տպագրվել են նաև «Ասպարեզում»:
Ծրագրի վերջնական փուլում, ինչպես փաստում է Էդգար Խաչատրյանը, պետք է առաջարկությունների փաթեթ ներկայացվի շահարգիռ անձանց. Որն արդեն գրեթե պատրաստ է, մնացել են միայն խմբագրման մի քանի աշխատանքներ.
«Այն ինչ որ պլանավորված էր, ամբողջն արվել է. նախնական պլանից շեղում չունենք»,- նշում է Էդգար Խաչատրյանը:
«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից՝ գործընկեր՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ համատեղ՝ Եվրոպական Միության և ԵԱՀԿ ֆինանսական օժանդակությամբ:
Զառա Մանուչարյան